Հունաստանին ֆինանսական օգնություն է տրամադրվում

Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները այսօր Բրյուսելում քննարկում են ֆինանսական խորը ճգնաժամի մեջ հայտնված Հունաստանին հատկացվելիք օգնության պայմաններն ու ժամկետները։

Ֆրանսիայի ֆինանսների նախարարը ասել է, որ օգնությունը ընդհանուր առմամբ կարող է կազմել 100-ից մինչեւ 120 միլիարդ եվրո, որը կտրամադրվի երեք տարիների ընթացքում։

Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն այսօր ասել է, որ Հունաստանը համաձայն է օգնության տրամադրման պայմանների հետ։ Հունաստանը երեք տարիների ընթացքում 30 միլիարդ եվրոյով կրճատելու է պետական ծախսերը՝ բյուջեի դեֆիցիտը փոքրացնելու համար։

Հունաստանի կառավարության տնտեսական քաղաքականության դեմ երեկ Աթենքում բազմահազարանոց բողոքի ցույց է անցկացվել։