Քաղաքականությամբ զբաղվող երիտասարդները խոսել են հայ-թուրքական հարաբերությունների մասին

Մի քանի քաղաքական ուժերի երիտասարդ ներկայացուցիչներ կարծիքներ են հայտնել հայ-թուրքական հարաբերությունների եւ առաջիկա հնարավոր զարգացումների վերաբերյալ:
«Դաշնակցության» երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը նշեց, որ «իրենք թուրքական դրոշը այրելու են այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունն ու չի հատուցել»: - «Մեր կուսակցությունը շարունակում է «ոչ»-ի պայքարը տարբեր միջոցներով», - նշեց նա:

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության ատենապետ Գագիկ Մելիքյանի կարծիքով` «բացառվում է, որ առաջիկայում հայ-թուրքական հարաբերությունները դրական առաջխաղացում ունենան»: - «Հստակ երեւում է, որ ոչ մի կողմն էլ ցանկություն չունի շարունակելու արձանագրությունների վավերացումը», - ասաց Մելիքյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդ ներկայացուցիչ Գեւորգ Մանուկյանի խոսքով` «իրենց կուսակցությունը կողմ է, որ երկու երկրների միջեւ հաստատվեն միջազգային նորմերին համապատասխան հարաբերություններ, բայց ոչ Ղարաբաղի հարցի եւ հայ դատի պահանջատիրության հաշվին»: - «Մենք կողմնակից ենք բողոքի ավելի զուսպ, քաքաղաքակիթ ձեւերի», -բացատրեց Մանուկյանը: