Թուրքական մամուլում ատելության քարոզչությունը նվազել է

Հետազոտությունը ցույց է տվել, որ թուրքական մամուլում ատելության քարոզչությունը նվազել է։ Ուսումնասիրվել են 10 տարիների ընթացքում առաջատար երկու տասնյակ թերթերի հրապարակումները, եւ փորձագետները նշում են, որ թուրքական մամուլում ատելության քարոզչությունը, ինչը կարող է հանգեցնել հանցագործությունների, վերջին երեք տարիների ընթացքում նվազել է։

Մամուլում ատելության քարոզչությունը հաճախ դրսեւորվում է ազգային եւ կրոնական պատկանելիության հարցերում։ Փորձագետները նշում են, որ հնարավորինս շուտ պետք է օրենք ընդունել, որը հստակ սահմանի ատելության դրդապատճառներով հանցագործությունները։

Փորձագետների խումբը ընդգծում է, որ Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո թուրքական մամուլը հասկացավ, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել ատելություն քարոզող լրատվությունը։

Ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ որոշակի խմբերի դեմ ատելության քարոզչությունը մեծանալու միտումներ ունի հատուկ ժամանակահատվածներում։ Հայերի դեմ այն հաճախակի է դառնում, ավելի է ուժեղանում ապրիլի 24-ի առիթով։

Անցած ապրիլի 24-ը դրական միտումների հույս է տալիս. Ստամբուլի Բախչեշեհիր համալսարանից Չենգիզ Աքթարը նշել է, որ Թուրքիայում առաջին անգամ մտավորականները 1915 թվականին սպանված հայերի հիշատակի արարողություն անցկացրեցին։

«Չնայած մամուլը հիմնականում փորձեց շահարկել արարողությունները, որ տեղի ունեցան չորս տարբեր վայրերում, այս անգամ պետությունը ավելի առաջադեմ էր։ Անվտանգության ուժերի մոտեցումները շատ ավելի չեզոք էին` համեմատած որոշ լրատվամիջոցների հետ», - ասել է Աքթարը։

Նա նշել է, որ ատելության քարոզչությունը նվազել է Հրանտ Դինքի, ինչպես նաեւ Մալաթիայում քրիստոնյա միսիոներների սպանություններից հետո, որ տեղի ունեցան 2007 թվականին։

«Սոցիալական փոփոխություն» ընկերակցության ղեկավար Չենգիզ Ալղանը շեշտել է, որ ատելության քարոզչությունը հանգեցնում է ատելության դրդապատճառներով հանցագործությունների, եւ մամուլը ծայրահեղ կարեւոր դերակատարություն ունի այդ հարցերում, այնպես ինչպես ծայրահեղ կարեւոր դերակատարություն ունի` ընդլայնելով դրական խոսքի օգտագործումը։

Թուրքիայում օրենք չկա, որով սահմանվեն ատելության դրդապատճառներով կատարված հանցագործությունները, - ասել է Գալաթասարայ համալսարանից Յասիմ Ինջօղլուն` առաջարկելով դա հստակ բնութագրել քրեական օրենսգրքում։ Նա լրատվամիջոցներին կոչ է արել ընդհանուր արշավ տանել ատելության քարոզչության դեմ։

Թեմայի շուրջ «Ազատություն» ռադիոկայանին մեկնաբանություններ է տվել Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոբեր Հաթեջյանը։ Ստորեւ կարող եք լսել հարցազրույցն ամբողջությամբ։