Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում ներկայացված են 3 հայազգի թեկնածուներ

Մեծ Բրիտանիա -- Ընտրություններին մասնակցող հիմնական կուսակցությունների առաջնորդները հեռուստաբանավեճ են անցկացնում, 22-ը ապրիլի, 2010թ.

Մայիսի 6-ին Մեծ Բրիտանիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում այս տարի առաջին անգամ պատգամավորական մանդատների համար պայքարում են առնվազն 3 հայազգի թեկնածուներ։
«Հայաշեն» հայկական տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնի տնօրեն Միսակ Օհանյանը փորձում է կապեր հաստատել հայազգի թեկնածուների հետ։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա նշեց թեկնածուների անունները՝ Հրաչ Քութարջյան, Քեթերինա Առաքելյան, Հաթթի Աջդերյան։ Բոլոր 3 թեկնածուներն էլ ներկայացված են իշխող Լեյբորիստական կուսակցությունից։

Առաջիկա քվեարկությամբ բրիտանացիներն ընտրելու են իրենց 650 պատգամավորներին։ Ընտրություններն այստեղ անցկացվում են 4 տարին մեկ։ Խորհրդարանական մանդատների համար պայքարող երեք հիմնական կուսակցությունները` Լեյբորիստները, Պահպանողականներն ու Լիբերալ-դեմոկրատները, արդեն մի քանի շաբաթ եթերում ու եթերից դուրս բանավիճում են երկրի համար հրատապ թեմաների շուրջ։

Քեթրին Առաքելյանը առաջին անգամ է փորձում ուժերը ընտրապայքարում


Քեթրին Առաքելյանի նախընտրական գովազդային պաստառը
Քեթրին Առաքելյանը արդեն 8 տարի լեյբորիստական կուսակցության անդամ է, եւ այս տարի առաջին անգամ նրան հնարավորություն է տրվել փորձել ուժերը խորհրդարանական ընտրապայքարում: Նրա ուշադրության կենտրոնում հատկապես տարեցներին վերաբերող հարցերն են։

«Ցավոք, ես մի տարածքում եմ առաջադրվել, որը մշտապես պահպանողական է եղել: Բայց իհարկե, ոչինչ անհնար չէ՝ եթե հավատաս», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց պատգամավորության թեկնածուն։ - «Ամեն դեպքում, սա երկար ճանապարհի սկիզբն է միայն։ Ենթադրում եմ, որ 5 տարի հետո դարձյալ կմասնակցեմ ընտրություններին, եւս 5 տարի հետո` երրորդին: Նույնիսկ եթե 15 տարի տեւի, ես ուրախ եմ սկսել այս ճանապարհը: Ու հաջորդ անգամ երեւի իմ հնարավորություններն ավելի մեծ կլինեն»:

Արդեն մի քանի շաբաթ է` Քեթրինի օրը սկսվում է առավոտյան 6-ին, շարունակվում իրար հաջորդող հանդիպումներով ու ավարտվում ուշ գիշերը, երբ նա պատասխանում է ընտրողների էլեկտրոնային նամակներին ու թարմացնում իր բլոգը: Նա թիմ ու աշխատակազմ չունի, ամեն ինչ անում է ինքնուրույն` մի քանի կամավորների օգնությամբ:

Քեթրինը վերջերս է սկսել հայերեն սովորել, Հայաստանում չի եղել ու հայաստանի քաղաքական-տնտեսական վիճակի մասին քիչ բան գիտի, սակայն հույս ունի, որ մի օր հայ-թուրքական սահմանը կբացվի եւ ինքը կկարողանա մեքենայով ազատ գալ Հայաստան։ Նրա մորական պապը Արեւմտյան Հայաստանից է:

«Առաքելյան ազգանունը իրականում կորսված էր: Երբ իմ նախնիները Ստամբուլից փախան 1915-ին, նրանք այստեղ հասան մի նավի մեջ թաքնված, եւ Անգլիայում ապրելու համար հրաժարվեցին իրենց հայկական ազգանուններից: Երբ ես 22 տարեկան էի, որոշեցի հորս բրիտանական ազգանունը փոխարինել մորս իրական հայկական ազգանվամբ», - պատմեց Քեթրին Առաքելյանը։