Ահմեդ Դավութօղլու. «Թուրքիան Նախիջեւանի կարգավիճակի երաշխավորն է»

Ահմեդ Դավութօղլու

«Նախիջեւանի անվտանգությունն ու բարեկեցությունը՝ մեր անվտանգությունն ու բարեկեցությունն է», - չորեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Թուրքիայում է Նախիջեւանի պատվիրակությունը` խորհրդարանի ղեկավար Վասիֆ Թալիբովի գլխավորությամբ։ Երեքշաբթի օրը նրանք հանդիպել էին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ. թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ այս հանդիպումը մամուլի համար փակ է եղել։

Չորեքշաբթի օրը նրանք հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։ Հանդիպումից հետո Դավութօղլուն լրագրողներին ասել է, թե Նախիջեւանի ապագայի հարցում Թուրքիան մեծ ներգրավվածություն ունի ու կշարունակի ունենալ։

Դավութօղլուին հարց են տվել 1921 թվականին ստորագրված ռուս - թուրքական Ղարսի պայմանագրի մասին, որով որոշվել են Թուրքիայի սահմանները հարավկովկասյան երկրների հետ։ Թուրքիայի արտգործնախարարը ասել է, թե ոչ մի կասկած չկա պայմանագրի օրինականության հարցում։ «Դա հստակ է, որ Թուրքիան Նախիջեւանի կարգավիճակի երաշխավորն է։ Դա միջազգային օրենքի պահանջն է ու Թուրքիայի պարտավորությունը», - հայտարարել է նա։

Հանդիպմանը քննարկվել են տնտեսական ու մշակութային երկկողմ կապերը։ «Մենք կփորձենք ապահովել, որ շուտով «Թուրքական ավիաուղիներ»-ը սկսի չվերթներ իրականացնել Ստամբուլից դեպի Նախիջեւան», - ասել է Դավութօղլուն։

Նախիջեւանի պատվիրակության ղեկավարը հանդիպել է նաեւ Թուրքիայի պետնախարար Հայեթի Յազիչի հետ, քննարկվել է Թուրքիայի ու Նախիջեւանի սահմանային անցակետը համատեղ օգտագործելու հարցը։

Թուրքիայի պետնախարարն ասել է, թե Նախիջեւանի, Թուրքիայի եւ Իրանի պաշտոնյաները քննարկել են Դիլուչու մաքսային սահմանային անցակետի` երեք երկրների կողմից օգտագործման հնարավորությունը։ «Եթե այս դարպասը բացվի երեք երկրների կողմից համատեղ օգտագործելու համար, դա կլինի այդպիսի առաջին անցակետը աշխարհում» - հանդիպումից հետո լրագրողներին ասել է Յազիչին։

Այս ամիս ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ հարեւան երկու երկրների` Իրանի ու Սիրիայի հետ համաձայնություն է ձեռք բերվել սահմանային երկու անցակետեր համատեղ օգտագործելու հարցում։

Հայեթի Յազիչին ասել է, թե անցակետերի համատեղ օգտագործումը կարագացնի մի երկրից մյուսն անցնելը ու կկրճատի մաքսանենգությունը։