Ռուսաստանը հրապարակում է Կատինի իրադարձություններին վերաբերող փաստաթղթեր

Ռուսաստանի պետական արխիվը ինտերնետում տեղադրել է Կատինի իրադարձություններին վերաբերող մի շարք փաստաթղթեր: «Ռոսարխիվ»-ի հայտարարության համաձայն` փաստաթղթերը հրապարակվել են նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կարգադրությամբ:

Ռուսաստանի պետական արխիվը նշում է նաեւ, որ հրապարակված փաստաթղթերը գաղտնազերծվել էին տարիներ առաջ, եւ դրանց բովանդակությունը վաղուց հայտնի է:

Ստալինյան ժամանակաշրջանում` 1940 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, Ռուսաստանի արեւմուտքում շուրջ 22 հազար լեհ սպաներ են գնդակահարվել, այդ թվում մոտ 4,5 հազարը` Սմոլենսկ քաղաքից ոչ հեռու գտնվող Կատինի անտառում:

Ապրիլի 10-ին Կատինի իրադարձությունների զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով Ռուսաստան ժամանող Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկիի օդանավը աղետի ենթարկվեց, եւ զոհվեցին բոլոր ուղեւորները, այդ թվում նախագահը եւ նրա տիկինը: