Հայաստանի արտգործնախարարը ընդունել է Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Իգոր Պոպովին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

Պոպովը հավաստիացրել է, որ կանի առավելագույնը հիմնախնդրի կարգավորմանը նպաստելու համար:

Հանդիպման մասնակիցները քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Իգոր Պոպովը իր տպավորություններն է ներկայացրել Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումներից: