Ասորի համայնքը Հայաստանի Ազգային ժողովին կոչ է անում ճանաչել ասորիների ցեղասպանությունը

Հայաստանի ասորիների կազմակերպությունների «Խայադտա» ֆեդերացիան նամակ է հղել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` կոչ անելով Հայաստանի խորհրդարանին ճանաչել 1915-18 թվականներին Օսմանյան կայսրությունում ասորիների ցեղասպանությունը:

«Ապրիլի 24-ին ամբողջ հայ ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրության տարածքում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայաստանի ազգությամբ ասորի քաղաքացիները եւ ամբողջ աշխարհի ասորիները նույնպես սգում են հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի համար: Նույն ժամանակաշրջանում Օսմանյան կայսրության տարածքում իրականացվել է ցեղասպանություն ասորիների դեմ, որին զոհ են գնացել 500-ից 750 հազար ասորիներ», - ասված է նամակում:

Ասորի համայնքի ներկայացուցիչները կարծիք են հայտնում, որ «Հայաստանին անհրաժեշտ է գործել միջազգային ասպարեզում եւ Եվրամիության ու ՄԱԿ-ի նորմերի շրջանակներում` նպաստելու համար տարբեր ժողովուրդների ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին», եւ որ «պետականություն չունեցող ասորի ժողովրդի ցեղասպանության ճանաչումը Հայաստանի կողմից կնպաստի նրա միջազգային եւ քաղաքական հեղինակության բարձրացմանը, հրեշավոր հանցագործության ճանաչման հարցով Թուրքիայի նկատմամբ ճնշման ուժեղացմանը եւ հայերի ցեղասպանության ճանաչմանը այլ պետությունների կողմից»: