Ապրիլի 22-ի մամուլ

Երեկ երեկոյան Երեւանում հնչած հերթական կրակոցների մասին է տեղեկացնում «Առավոտ»-ը. - «Երեկ, ժամը 18:30-ի սահմաններում, քաղաքացիները ահազանգել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանություն եւ հայտնել, որ Զորավար Անդրանիկի արձանի հարեւանությամբ գտնվող «Վայոց ձոր» ռեստորանային համալիրում կրակոցներ են հնչում: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը` համայնքի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: «Առավոտ»-ի տեղեկություններով` մինչ ոստիկանությունը կհասներ դեպքի վայր, կրակոց արձակողը դիմել էր փախուստի»:

Ապրիլի 24-ին ընդառաջ «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանն ընդհանրացնում է. - «Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ներկայումս միջազգային ասպարեզում ոչ միշտ տեսանելի, բայց խոր ու անկասելի առաջընթաց է արձանագրում։ Այդ պատճառով նախքան ապրիլի 24-ն ընկած հաշված օրերի ընթացքում Հայաստանն ու հայությունը պետք է հանդես գան միասնական ու համախմբված կերպով, իսկ հայ դիվանագիտությունը պարտավոր է ցուցաբերել զսպվածություն ու հեռատեսություն։ Կարիք չկա առաջ ընկնել իրադարձություններից, առավել եւս ինչ-որ նոր դավադրություն փնտրել։ Այն փաստը, որ Թուրքիայում ներկայումս Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ օրինակելի հարց ու պատասխաններ են կազմում սեփական դիվանագետների համար, ցույց է տալիս, որ առաջիկայում այս ասպարեզում լուրջ զարգացումներ են ակնկալվում։ Իսկ այն իրողությունը, որ Վաշինգտոնից հետո Ադրբեջանը հայտնվել է իզգոյ երկրի կարգավիճակում, որեւէ հիմք չի տալիս մտածելու, որ հայկական կողմը Ղարաբաղի հարցում կարող է նահանջել իր սկզբունքային դիրքերից»։

Թեման շարունակում է «Ազգ»-ը՝ նաեւ հիշեցնելով, որ այս գիշեր լրանում է «ֆուտբոլային դիվանագիտության» մեկ տարին: Հոդվածագիրն անփոփում է. - «Այսպես թե այնպես` պարզ է, որ մինչեւ ապրիլի 24-ը արձանագրությունները չվավերացվեցին, ինչպես սկզբում էր ենթադրվում, ու սրանից հետո էլ հազիվ թե արագ վավերացվեն` անկախ նրանից` ի՞նչ բառ կօգտագործի Օբաման ապրիլի 24-ին: Սակայն սա երկսայրի վիճակ է, քանի որ մինչեւ հիմա ասում էինք` գնդակը Թուրքիայի դաշտում է, իսկ դրանից հետո, երբ արձանագրությունները մեռած փաստաթուղթ դառնան, էլի դա վտանգներ ունի մեզ համար, քանի որ Թուրքիայի պահվածքը, ուզածը ստանալուց հետո, այսինքն` այս անգամ էլ «ցեղասպանություն» որակումը չստանալուց հետո, անկանխատեսելի կլինի: Իսկ ընդհանրապես` եթե այս պահին սառեցվեն ե՛ւ արձանագրությունները, ե՛ւ ղարաբաղյան լուծման նոր մոդելից հաջողությամբ փուստ տանք ու Հայաստանում առայժմ ցավալի զիջումների թեմայով խոսելը մի պահ դադար տա, նախագահն, ուրեմն, ստիպված կլինի ժամանակ գտնել ու իր տան ներսը կարգի բերել, այլապես ներքաղաքական առասպելաբանությունը թափ է հավաքում, եւ դրանից վառ պահվող կրակում ով ասես շագանակ է հանում»:

«Առավոտ» թերթում հետեւյալ տեղեկատվությունն ենք կարդում. - «Հայաստանի քաղաքական ընտրախավին անհրաժեշտ է առաջին հերթին ղեկավարվել Հայաստանում, այլ ոչ թե Սփյուռքում ապրող հայերի շահերով, երեկ «Պատմական հիշողություն եւ արդի իրողություններ» Երեւան - Մոսկվա տեսակամուրջի ընթացքում ասել է ԱՊՀ ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը: Նրա կարծիքով, հայկական սփյուռքը, ցավոք, հաճախ բացարձակեցնում է տարբեր խնդիրներ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հարցը՝ լիովին չգիտակցելով ներկա Հայաստանի հրատապ խնդիրները: Ժարիխինը կարծիք է հայտնել, որ Սփյուռքը բացարձակեցնում է պատմական հիշողությունը՝ ի վնաս հարեւան երկրի հետ հարաբերությունների անհրաժեշտ կարգավորման»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ուղիղ մեկ տարի առաջ՝ ապրիլի 24-ի նախօրեին, «մթության քողի տակ» անսպասելիորեն հրապարակվեց հայ-թուրքական հարաբերությունների «ճանապարհային քարտեզը»: Ավելի ուշ այդ արձանագրությունները ստորագրվեցին, բազմաթիվ ձեռքսեղմումներ եղան, մի խոսքով՝ շատ ջրեր հոսեցին, բայց այսօր՝ մեկ տարի անց, Հայաստանի քաղաքական դաշտում մի հիմնական հարց է քննարկվում՝ ժամանակը չէ՞ արդյոք, որ Հայաստանը ետ վերցնի իր ստորագրությունը: Մի խոսքով՝ մեկ տարի անց պարզ դարձավ, որ ճանապարհային քարտեզը ոչ մի բանի պիտանի չէր, ստորագրված արձանագրություններն էլ «էն գլխից» խոտան էին: Այդ արկածախնդրության միակ արդյունքը եղավ այն, որ Թուրքիան սկսեց անմիջականորեն ու հրապարակավ մասնակցել ղարաբաղյան կարգավորման գործընթացին՝ այդ հարցի շուրջ բանակցություններ վարելով գերտերությունների հետ: Հայաստանը, իհարկե, պաշտոնապես դեմ է դրան, բայց Հայաստանը հաստատ չի կարող ազդել, ասենք, Էրդողան - Օբամա կամ Էրդողան - Մեդվեդեւ հանդիպումների օրակարգի վրա: Ինչ ուզում՝ քննարկում են, եւ մեզ, ի դեպ, չեն հարցնում»:

«Հայկական ժամանակ»-ն անդրադառնում է վերջին օրերին տեղ գտած աղմկոտ միջադեպերին: Թերթի խմբագրականում կարդում ենք. - «Ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ նորագույն քրեական ռազբորկաների մասնակիցները իրենց վրա կուսակցական կրծքանշաններ են սկսել կրել. ՏԷՑ-ի կռուգի հայտնի իրադարձություններից հետո կրիմինալը Հայաստանում ակտիվ «կուսակցական գործունեություն» է ծավալում: Այս է պատճառը, որ իշխանական կուսակցությունները Հայաստանում ավելի ու ավելի շատ են հանցավոր խմբավորումներ հիշեցնում: Ասվածի մեջ ոչ մի չափազանցություն չկա. եթե դիտարկենք իշխանական կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները, մակերեսին կտեսնենք մեկ-երկու տառաճանաչ դեմքեր, որոնք իրականում ֆուտլյարի նշանակություն ունեն: Կուսակցական ողնաշարը կազմում են տարբեր բնույթի եւ տրամաչափի կրիմինալ դեմքերը, որոնց վրա էլ հենց հենվում են կուսակցական լիդերները, կուսակցական բոսերը: Կրիմինակ այս դեմքերն էլ, իրենց հերթին, հենվում են ավելի մանր տրամաչափի կրիմինալ դեմքերի վրա: Ու այսպես համակարգը հյուսվելով հասնում է քուչի թափթփուկներին»: