Բացվել է Երեւանի նոր ջերմաէլեկտրակայանը

Երեւանի նոր ջերմաէլեկտրակայանը

Չորեքշաբթի օրը բացվել է Երեւանի նոր ջերմաէլեկտրակայանը, որի շինարարությունը մեկնարկել էր 2008 թվականին։ Այն կառուցվել է Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի տրամադրած 284 միլիոն դոլարի վարկով:
Կայանի հանդիսավոր բացմանը մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքով, Հայաստանի անկախացումից ի վեր շահագործման է հանձնվում ամենախոշոր էներգետիկ կառույցը, որը մեծ նշանակություն ունի էներգահամակարգի եւ տնտեսության համար։

Հայաստան -- Նախագահ Սարգսյանը մասնակցում է Երեւանի նոր ՋԷԿ-ի բացման արարողությանը, 21-ը ապրիլի, 2010
Նոր կայանում տեղադրված 271 մեգավատտ հզորությամբ շոգետուրբինը 1 կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա արտադրելու համար 2-2,5 անգամ ավելի քիչ գազ է ծախսում, քան Հայաստանում գործող մյուս կայանները։ Ուշադրություն են դարձվել նաեւ էկոլոգիական խնդիրներին. այս կայանի վնասակար արտանետումներն ավելի քիչ կլինեն, բացման արարողությանը լրագրողներին հայտնել է Արմեն Մովսիսյանը։ Չնայած ապրիլի 1-ից գազի գնի թանկացմանը, հենց այս կայանի շնորհիվ է էլեկտրաէներգիայի սակագինը անփոփոխ մնացել։

«2010 թվականին հնարավոր եղավ էլեկտրաէներգիայի սակագները թողնել նույնը, հաշվի առնելով, որ ապրիլի 21-ին գործարկվելու է այս նոր կայանը։ Սրա արդյունքում էր, որ կարողացանք այս տարի սակագները թողնել անփոփոխ», - լրագրողներին փոխանցել է Մովսիսյանը։ - «Բնականաբար, եթե էներգակիրների սակագները հաջորդ տարի բարձրանան, դա իր ազդեցությունը կթողնի։ Բայց այս կայանը հնարավորություն կտա բավականին դա մեղմացնելու, ինչպես այս տարի»։

Նախարար Մովսիսյանը տեղեկացրել է նաեւ, որ նախատեսվում է ապագայում գործարկել նմանատիպ երկրորդ կայանը։

«Հույս ունեմ, որ մենք կկարողանանք նման երկրորդ կայանը կառուցել, որը ավելի մեծ հնարավորություններ կստեղծի մեր էներգահամակարգի համար եւ ավելի մեծ տնտեսական էֆեկտ կունենա», - ասել է էներգետիկայի նախարարը։