14 սենատորներ Օբամային կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Միացյալ Նահանգների Սենատի 14 անդամներ` Կալիֆորնիան ներկայացնող դեմոկրատ սենատոր Բարբարա Բոքսերի գլխավորությամբ, նամակ են հղել նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով ապրիլի 24-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Ինչպես գիտեք, 2010 թվականի ապրիլի 24-ը Հայկական հիշատակի օրն է` Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը: Չնայած առկա անհերքելի ապացույցներին` Միացյալ Նահանգները դեռեւս չի ճանաչել 1915-23 թվականների իրադարձությունները իրենց պատշաճ անվամբ: Հորդորում ենք ձեզ այս ապրիլի 24-ին շտկել այդ անարդարությունը եւ վերջապես ճանաչել 20-րդ դարի մեծագույն վայրագություններից մեկը ինչպես այն եղել է` որպես ցեղասպանություն», - ասված է նամակում:

Նամակը ստորագրողների թվում են Դայան Ֆայնշտայնը, Ռոբերտ Մենենդեսը, Ջոն Էնսայնը, Չարլզ Շումերը, Ջոզեֆ Լիբերմանը, Բարբարա Միկուլսկին եւ այլ հայամետ սենատորներ:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ Ամերիկայի Հայկական խորհուրդը, տեղեկացնելով նախաձեռնության մասին, ողջունել են այն եւ երախտագիտություն հայտնել սենատորներին: