Օտարալեզու դպրոցներ հիմնելու անհրաժեշտությունը շարունակում է քննարկվել

1993 թվականից Հայաստանում չեն գործում մասնագիտացված օտարալեզու դպրոցներ, սակայն կառավարությունը երկար քննարկումներից հետո հավանության է արժանացրել Կրթության եւ գիտության նախարարության ներկայացրած առաջարկությունները, որոնք նախատեսում են վերացնել օտարալեզու դպրոցներ հիմնելու արգելքը:
Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Գոհար Հակոբյանի համոզմամբ` նման դպրոցների անհրաժեշտություն այսօր մենք չունենք, քանի որ «եթե հիմնվեն նման հաստատություններ, ապա մեր ծնողների մեծամասնությունը, հաշվի առնելով բարձր վարկանիշն ու հնչեղությունը, ձգտելու է իր երեխային ընդունել հենց այդ դպրոց»:

Գոհար Հակոբյանը կարծում է, որ մենք այսօր չունենք նաեւ համապատասխան մասնագետներ, ովքեր կարող են ֆրանսերենով կամ անգլերենով ֆիզիկա կամ քիմիա պարապել:

Արվեստաբան Արեւշատ Ավագյանի խոսքով` 1400 դպրոց ունենալու դեպքում անգամ 2-3 օտարալեզու դպրոց հիմնելը խնդիր է: Նրա պնդմամբ` կառավարությունն այս քայլով կպատրաստի մասնագետներ արտասահմանի համար:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը վստահ է, որ գաղափարը լավն է, հակառակ դեպքում կառավարությունը հավանության չէր արժանացնի: Ըստ նրա` նման դպրոցների հիմնումը պարզապես անհրաժեշտություն է, քանի որ շատերն անձամբ իրեն են դիմում` միջնորդելու իրենց երեխաներին ռուսական դասարաններ տեղավորելու համար:

«Այսօր օտար լեզվի իմացությունը ոչ թե քմահաճույք կամ նորաձեւություն է, այլ նախ եւ առաջ մրցունակ լինելու խնդիր», - կարծում է նախարարը: - «Օտարալեզու դպրոցներում սովորողներից խիստ կերպով պահանջվելու է հայերենի, հայ գրականության, հայոց պատմության նույն գիտելիքների ծավալը, ինչ սովորական դպրոցներում սովորողներից»: