Միացյալ Նահանգները աջակցում է Ղրղըզստանում ժողովրդավարության հաստատմանը

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել աջակցել Ղրղըզստանի նոր ղեկավարությանը երկրում ժողովրդավարության զարգացման գործում։

ԱՄՆ–ի պետքարտուղարության խոսնակ Ֆիլիպ Քրոուլին, մասնավորապես, հայտարարել է. – «Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Ղրղըզստանի արիասիրտ ժողովրդին հասնելու իրենց նպատակին՝ կառուցել խաղաղ եւ բարգավաճող տնտեսությամբ ժողովրդավարական հասարակարգ»։

Ղրղըզստանում ծագած խռովությունների արդյունքում իշխանության եկած ընդդիմադիրները մի շարք առիթներով քննադատել են Վաշինգտոնին՝ պաշտոնանկ արված նախագահ Կուրմանբեկ Բակիեւին աջակցելու համար։ Նրանք պնդում էին, որ ԱՄՆ–ը անտեսում է մարդու իրավունքների խախտումները Ղրղըզստանում՝ փոխարենը ստանալով այդ երկրում տեղակայված ամերիկյան ռազմաբազան պահպանելու երաշխիքներ։