«Ա1+»-ի ղեկավարը ակնկալիք չունի հուլիսին հայտարարվելիք մրցույթից

«Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը ակնկալիք չունի հուլիսի 20-ին հայտարարվելիք հեռուստահաճախականությունների մրցույթից: «Ես կարծում եմ, որ սա հերթական ավանտյուրան է Ամալյանի, համոզված եմ դրանում», - հայտարարեց նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
Հուլիսի 20-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կհայտարարի, թե երբ եւ ինչ պայմաններով է անցկացվելու հեռուստահաճախականությունների մրցույթը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, հաջորդ տարվա հունվարին ավարտվում է վերջին լիցենզիայի ժամկետը, ուստի հուլիսի 20-ից սկսած 6-ամսյա ժամկետում պետք է մրցույթներ անցկացվեն:

Հեռարձակման լիցենզավորման մրցույթները սառեցվել Էին երկու տարի առաջ` երկրում հեռուստատեսության թվայնացման գործընթաց սկսելու պատճառաբանությամբ: Սակայն լրագրողական շատ կազմակերպություններ կասկած են հայտնում, որ թվայնացման գործընթացը միայն պատրվակ էր «Ա1+» հեռուստաընկերության եթեր վերադարձը կանխելու համար:

Հուլիսի 20-ին, երբ արդեն պետք է հայտնի դառնան մրցույթի պայմանները, շուրջ երեք ամիս է մնացել, սակայն մինչ այժմ թվայնացման մասին օրենք գոյություն չունի, եւ պարզ էլ չէ` այն ընդունված կլինի՞ մինչեւ հուլիսի 20-ը: Գրիգոր Ամալյանի հավաստմամբ` ընդունված լինի օրենքը թե ոչ, անկախ ամեն ինչից` մրցույթներն անցկացվելու են:

Մեսրոպ Մովսիսյանի պնդմամբ, սակայն, հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ արդեն կա թյուրիմացություն. - «Եթե լինի օրենքը թվայնացման` պետք է այդ օրենքով անցկացվի, եթե չլինի` ուրեմն հին օրենքով պետք է անցկացվի, հին կարգավիճակով: Եթե անցկացվում է ըստ թվայնացման օրենքի` այս դեպքում որտեղի՞ց հայտնվեցին այդ հաճախությունները, եթե կան գործող հեռուստաընկերություններ. [Ամալյանը] միշտ հայտարարել է, որ չկա, չէ՞, որեւէ ազատ հաճախություն»:

«Բայց չկա՞ն արդյոք այնպիսի հեռուստաընկերություններ, որոնց լիցենզիայի ժամկետն ավարտվել է», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին «Ա1+»-ի ղեկավարը արձագանքեց. - «Համարյա բոլորինը արդեն ավարտվել է, եւ հերթականությամբ արդեն բոլորը պետք է 2008 թվականից արդեն սկսեին նոր մրցույթ հաճախության համար: Սակայն թվայնացման պատրվակով դա հետաձգել էր, հիմա թվայնացման օրենքը դեռ մոտիկ էլ չի ավարտին, սակայն արդեն մրցույթը հայտարարվում է, եւ հայտարարվում է այն բանով, որ եթե պատրաստ լինի օրենքը թվայնացման` այդ օրենքով կանցկացվի, եթե չէ` ուրեմն կմնա, ոնց որ կա»:

«Ա1+»-ը եթերազրկվել է 2002 թվականի ապրիլի 1-ից: Անցած տարիների ընթացքում «Ա1+»-ը մասնակցել է հեռարձակման լիցենզավորման 10-ից ավելի մրցույթների եւ բոլոր դեպքերում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ լիցենզիա չի ստացել:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2008 թվականի հունիսի 17-ի որոշմամբ հաստատեց, որ «Ա1+»-ի պարագայում խախտվել է հեռուստաընկերության` ազատորեն տեղեկություններ եւ գաղափարներ տարածելու իրավունքը, եւ Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրեց 30 հազար եվրո վճարել «Ա1+»-ին որպես վնասի եւ դատական ծախսերի հատուցում։

Եվրադատարանի որոշումից ամիսներ անց` 2008 թվականի սեպտեմբերի 10-ին, Հայաստանի Ազգային ժողովը լրացում կատարեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում եւ երկու տարով դադարեցրեց հեռարձակման լիցենզավորման մրցույթների անցկացումը` երկրում հեռուստատեսության թվայնացման գործընթաց սկսելու պատճառաբանությամբ։