Նախկին հայաստանաբնակ հրեաները Իսրայելում նշում են Հոլոքոսթի հիշատակի օրը

Երուսաղեմի «Յադ Վաշեմ» թանգարանում

Դեռ կիրակի երեկոյան էին Իսրայելում սկսվել հրեական Ողջակիզման հիշատակին նվիրված արարողությունները: Իսկ երկուշաբթի առավոտյան ժամը 10-ին հնչած շչակների ձայնի ներքո կյանքը Իսրայելում մի պահ կանգ առավ, մարդիկ նույնիսկ մեքենաներից դուրս գալով կանգնեցրեցին երթեւեկությունը` այդ կերպ արտահայտելով իրենց հարգանքը Հոլոքոսթի 6 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
Չնայած օրն աշխատանքային էր, սակայն տասնյակ հազարավոր հրեաներ այցելեցին Երուսաղեմի ցեղասպանության «Յադ Վաշեմ» թանգարան եւ գերեզմանատներ: Երկրում չկա մի ընտանիք, որը կորուստներ չի ունեցել Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Հոլոքոսթից կամ Շոայից փրկվածները սփռվեցին ողջ աշխարհով մեկ, ու Հայաստանն էլ այս առումով բացառություն չէ: Մի ժողովուրդ, որն ինքն է տեսել կոտորած ու բնաջնջում, չէր կարող ջերմ չընդունել հրեա ժողովրդին:

Հրեաների թիվը մեծ չէր Հայաստանում: Հրեաների ներգաղթով զբաղվող «Սոխնուտ» հասարակական կազմակերպության տվյալներով` 80-ական թվականներից մինչ օրս Հայաստանից Իսրայել է գաղթել մոտ 2 հազար էթնիկ հրեա:

Ցեղասպանության «Յադ Վաշեմ» թանգարանում կան հարյուրավոր մարդկանց անուններ, որոնք փրկել են հրեաներին համակենտրոնացման ճամբարներից ու բնաջնջումից: Ազգությամբ հայ 10 «Խաղաղության առաքյալներ» կան «Յադ Վաշեմ» թանգարանի ցուցակում, մարդիկ, որոնք վտանգելով սեփական կյանքը` փրկել են բազմաթիվ հրեաների:

Նախկին հայաստանցի հրեաներն էլ մյուսների հետ միասին նշում են այս օրը, եւ նրանց թվում կան տարեց քաղաքացիներ, որոնք տեսել են իրենց ազգի բնաջնջումն ու պատմում են իրենց հիշողությունները, թե ինչպես հրաշքով փրկվեցին ու եկան Հայաստան:

Սոֆյա Բառիմը (Չերնամորյան) ամուսնու` Պետրոս Չերնամորյանի եւ ընտանիքի հետ
Իսրայելի հարավային Կիրյատ-Գատ քաղաքի բնակչուհի 81-ամյա Բառիմ Սոֆյան պատմեց, թե ինչպես են քրոջ հետ օկուպացիայից փախել Ղազախստան, աշխատել էր բամբակի դաշտերում ու վերադառնալով ծննդավայր` Ուկրաինայի Կրասիլով քաղաք, իմացել էր ֆաշիստների կողմից քրոջ ընտանիքի գնդակահարման ու հայրենի օջախի կործանման մասին: Մի հայ զինվոր մոտենալով ու կարծելով, թե Սոֆյան հայ է, խոսել էր հայերեն ու պարզելով ազգությունը` որոշել էր բերել Հայաստան, Լենինական, ու 1946 թվականին միասին եկել են Հայաստան: Այստեղ լավ են ընդունել աղջկան հայերը, սովորել է լեզուն` ընկղմվելով ընտանեկան հոգսերի մեջ:

Նախկին երեւանաբնակ հրեա Ժաննա Ամնիելը ծնունդով Ուկրաինայի Խարկով քաղաքից է:
Ժաննա Ամնիելը (Թառումյան) ամուսնու` Բեբել Թառումյանի հետ
Հրաշքով փրկվել է ցեղասպանությունից, էվակուացվել Հեռավոր Արեւելք, իսկ վերադառնալով Խարկով` տեղեկացել է 90 հազար սպանված հրեաների մասին, որոնց թաղել էին տրակտորների գործարանի մոտ գտնվող փորված փոսում: Հակասեմիտ բնակիչներ ու ավերված քաղաք` ահա այսպիսի հիշողություններ թողնելով, Ամնիելը, 1961 թվականին ծանոթանալով հայ երիտասարդ ինժեներ Բեբել Թառումյանի հետ, ժամանել է Հայաստան` մի երկիր, որի հետ կապված են կյանքի ամենալուսավոր ու երջանիկ տարիները: «Երբ ասում էի, թե հրեա եմ, հայերի աչքերում ակնածանք էի նկատում իմ հանդեպ, մի տեսակ արժանիք էր հրեա լինելը», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Ժաննա Ամնիելը: - «Նույնիսկ իսրայելա-եգիպտական պատերազմի օրերին հայերն իրենց ուրախությունն ու համակրանքն էին հայտնում ինձ»: Խոսելով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու փաստի շուրջ` նախկին երեւանցին հավելեց, թե
«ուզում են ճանաչել, գործին միայն խանգարում է քաղաքականությունը»: