Ապրիլի 13-ի մամուլ

«168 ժամ»-ը, անդրադառնալով Հայաստանի նախագահի վաշինգտոնյան հանդիպումներին, գրում է. - «Հանդիպումից հետո Սարգսյանի եւ Էրդողանի ունեցած ելույթներից ընդհանուր տպավորությունն այն է, որ հայ - թուրքական հաշտեցման գործընթացում առանձնապես շոշափելի առաջխաղացում չի արձանագրվել: Այդուհանդերձ, երեկ թուրքական որոշ լրատվամիջոցներ` հղում անելով իրազեկ աղբյուրներին, տեղեկացրել են, թե «կողմերը միասնական եզրահանգման են եկել հայ - թուրքական արձանագրությունների կենսագործումը համատեղ ջանքերով արագացնելու հարցում»: Անկախ այս հանդիպումների արդյունքներից, սակայն, ակնհայտ է, որ այն առաջին հերթին Օբամային հնարավորություն է տալու ընդամենը մի քանի օր հետո չարտասանել «ցեղասպանություն» բառը»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Արդեն անցել է 25 տարի այն օրից, երբ ԽՍՀՄ-ի ղեկը ստանձնեց Միխայիլ Գորբաչովը՝ բարեփոխական մի գործիչ, որի կարճատեւ իշխանությունը շրջեց ողջ աշխարհակարգը: Նա հրապարակայնացրեց քաղաքականությունը, քաղաքական բանավեճը Կրեմլի անթափանց պատերից դուրս բերեց փողոց ու եթեր: Իր բարեփոխումների շնորհիվ նա քանդեց խորհրդային ամբողջատիրության հիմքերը՝ վերջ դրեց սառը պատերազմին, վանեց միջուկային պատերազմի սպառնալիքը եւ պատերազմի քարոզն առհասարակ, խորհրդային օկուպացիոն զորքերը դուրս բերեց Աֆղանստանից, նպաստեց Գերմանիայի վերամիավորմանը, վերացրեց կոմունիստական կուսակցության մենիշխանությունը, համաշխարհային սոցիալիստական համակարգը, Վարշավայի պակտը... Գորբաչովը չլուծեց եւ չէր էլ կարող լուծել տնտեսական հետամնացության եւ ազգային հիմնախնդիրները: Հենց դրանք ի վերջո ներսից պայթեցրին ԽՍՀՄ կոչվող անբնական տնտեսությունը ու ժողովուրդների բանտը»:

«Ժամանակ»-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը անդրադառնում է երեկվա հայ-թուրքական բանակցություններին. - «Եթե մենք հավատում ենք հայկական կողմին, ապա կան ստորագրված արձանագրություններ, հայկական կողմը ասում է, որ արձանագրությունները նախ պետք է վավերացնի Թուրքիան, հայկական կողմը ասում է, որ թուրքական կողմի հետ չի քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը, հայկական կողմը ասում է, որ եթե Թուրքիան չվավերացնի, ապա մենք գործընթացից դուրս ենք գալիս: Ու այդ լույսի ներքո ինձ համար անհասկանալի է, թե ինչ հանդիպում է տեղի ունեցել Էրդողանի եւ Սարգսյանի միջեւ: Որովհետեւ ամեն ինչ շատ պազ է՝ Թուրքիան պետք է քայլեր անի: Եվ տրամաբանությունը հուշում է, որ եթե նման հանդիպում տեղի է ունեցել, ուրեմն մենք համաձայնել ենք բանակցությունների թուրքական օրակարգին: Ի՞նչ ունենք մենք քննարկելու, ի՞նչ ունի Հայաստանը քննարկելու Թուրքիայի հետ, եթե կան արձանագրություններ, եթե ասում ենք Լեռնային Ղարաբաղի հարցի մասին չենք խոսելու, Թուրքիայից առաջ չենք վավերացնելու, ուրեմն էլ ի՞նչ ունի Հայաստանը Թուրքիայի հետ խոսելու: Հետեւաբար, ստացվում է, որ մի բան կա քննարկելու, եւ երբ Թուրքիան ասում է՝ Ղարաբաղի հարցը կա մեջտեղը, ուրեմն կողմերը իրոք քննարկել են Ղարաբաղի հարցը»:

«Հայոց Աշխարհ»-ին տված մեկնաբանությունում Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է. - «Միացյալ Նահանգները, ի տարբերություն Եվրամիության եւ Ռուսաստանի, գործում է ոչ թե մտրակի ու բլիթի, այլ ավելի կոշտ մեթոդներով, եւ կարող է թույլ տալ իրեն Թուրքիայի հետ խոսելու ուղղակի ճնշումների լեզվով։ Գործիքները, որոնցով աշխատում են ամերիկացիները, տարբեր են, եւ առնչվում են տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ անվտանգության ոլորտին։ Թուրքիային ասում են. եթե ուզում եք ձեր տեղը ունենալ տարածաշրջանի անվտանգության համակարգում, պետք է կարգավորեք հարաբերությունները Հայաստանի հետ։ Պաշտոնական Վաշինգտոնը երեւի թե արդեն հասկանում է, որ մինչեւ ապրիլի 24-ը Թուրքիան դժվար թե վավերացնի արձանագրությունները, եւ ամեն ինչ անում է, որպեսզի գործընթացը մինչ այդ «չմեռնի», այսինքն՝ վերջնականապես փակուղի չմտնի»։

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ կիրակի օրը Վաշինգտոն մեկնած Սերժ Սարգսյանը անմիջապես Հայաստան չի վերադառնա: «Ինչպես հայտնում են նախագահականից», - գրում է թերթը, - «վաշինգտոնյան այցի ավարտից հետո Սերժ Սարգսյանը կարճատեւ արձակուրդ կանցկացնի արտերկրում: Թե ուր է նա գնալու, քանի օրով եւ երբ կվերադառնա Հայաստան, Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, ով եւս գտնվում է ԱՄՆ-ում, երեկ մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ չմանրամասնեց: Այն հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը իր արձակուրդը ԱՄՆ-ում է անցկացնելու, Արզումանյանը պատասխանեց. «Ոչ»; Իսկ ո՞ւր է մեկնելու, Գերմա՞նիա, հարցին Արզումանյանը պատասխանեց. «Ավելին չեմ կարող ասել»: Երեկ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակից փորձեցինք ճշտել նաեւ, թե ինչպես է անցել Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի վաշինգտոնյան հանդիպումը: «Չեմ կարող հրապարակել», - ասաց Արմեն Արզումանյանը»:

«Առավոտ»-ը զրուցել է «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ով ասում է. - «Ինձ համար առանցքային է այն հավատամքը, որ մենք պետք է այլեւս պատրանք չտածենք, թե մեր հանրային, ազգային, քաղաքացիական խնդիրների հանգուցալուծումը կարելի է իրականացվել 2-3 նախագահների քննարկման միջոցով: Կարծում եմ, որ նախագահական այդ եռանկյունին մեր ախտերի, սխալների, հիմնախնդիրների ոչ թե լուծման բանալին է, այլ բուն աղբյուրը եւ արմատը: Իհարկե, իրենք իրենց տեսակետը պետք է արտահայտեն, քաղաքական դաշտում ունենան ներկայություն: Բայց բոլոր նման քայլերը, որոնցով փորձում են գոռոզ եղանակով ներկայացնել Հայաստանի քաղաքական դաշտը եւ հասարակությանը համոզել, թե սա 2-3 նախագահների գործ է՝ ուղղակի հարված են մեր երկրի ինքնիշխանությանը եւ քաղաքացիների արժանապատվությանը»: