Ադրբեջանը հույսեր է կապում Էրդողանի ԱՄՆ կատարելիք այցելության հետ

Ադրբեջանում հավատում են, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը կդառնա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի՝ Միացյալ Նահանգների ղեկավարության հետ հանդիպման հիմնական թեմաներից մեկը։ Այդ մասին, ըստ ադրբեջանական Trend գործակալության, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի հասարակական–քաղաքական հարցերով վարչության պետ Ալի Հասանովը։

«Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգների նախագահը, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ներկայացված երկրի առաջնորդ, կստիպի պաշտոնական Երեւանին հրաժարվել իր անսկզբունքային եւ զավթողական քաղաքականությունից եւ կառուցողական դիրքորոշում որդեգրել», – ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

«Կարծում ենք, որ այդ հարցը կդառնա Թուրքիայի վարչապետի եւ Միացյալ Նահանգների նախագահի օրակարգի գերակայություններից մեկը, եւ հույս ունենք, որ այդ հանդիպման ընթացքում կորոշվի Հայաստանի նախագահի վրա ազդեցության մեխանիզմը», - հայտարարել է նախագահ Ալիեւի աշխատակազմի ներկայացուցիչը։