Լոս Անջելեսում զինված հարձակման հետեւանքով 4 հայեր զոհվել եւ 2-ը վիրավորվել են. ենթադրվում է, որ հանցագործը եւս հայ է

Հոլիվուդի ռեստորաններից մեկում կրակոցներից 4 հայեր զոհվել եւ 2-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. վիրավորվածներից մեկի վիճակը ծանր է: Ենթադրվում է, որ հանցագործը եւս ազգությամբ հայ է:

Los Angeles Times-ի փոխանցմամբ, սպանվածներն են` 25-ամյա Հայկ Եգնանյանը, 26-ամյա Սարգիս Քարաջյանը, 28-ամյա Հարութ Բաբուրյանը եւ 31-ամյա Վարդան Թոֆալյանը:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ կեսօրից հետո` ժամը 16:40-ին: «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ հանցագործը ներս է մտել ու կրակ բացել:

Lոս Անջելեսի ոստիկանության խոսնակ Ռոսարիո Հերերան ասել է, որ կասկածյալը սպիտակամորթ է, 30 տարեկանին մոտ տղամարդ, եւ ենթադրվում է, որ նա ազգությամբ հայ է:

Զոհերից 3-ը մահացել են տեղում, մյուսը` հիվանդանոցում:

Ոստիկանությունը որեւէ վարկած չի հայտնել, բայց հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները The Los Angeles Times-ին ասել են, թե հնարավոր է, որ միջադեպում ներգրավված են հայկական հանցախմբեր: