Ըստ թուրքական աղբյուրի` Էրդողանը կմեկնի Վաշինգտոն

Թուրքական Sky Turk լրատվական հեռուստաալիքը հաղորդել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեկնելու է Վաշինգտոն` մասնակցելու ապրիլի 12-13-ը կայանալիք միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ` նույն աղբյուրը տեղեկացրել է նաեւ, որ վարչապետի այցի նախօրեին Վաշինգտոն է մեկնելու ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիք Թանը, ով հետ է կանչվել մարտի 4-ին ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծին հավանություն տալուց անմիջապես հետո:

Թուրքական լրատվամիջոցները հավանական էին համարում, որ Էրդողանը նույն պատճառով կարող է չմասնակցել վաշինգտոնյան գագաթնաժողովին:

Թուրքիայի պաշտոնական աղբյուրներով, այդուհանդերձ, վարչապետի Վաշինգտոն կատարելիք այցի մասին ոչինչ չի հաղորդվում: