Յան Գիլանի բարեգործական համերգների հասույթը կազմել է շուրջ 45 հազար դոլար

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Յան Գիլանի եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ բարեգործական համերգների հասույթը կազմել է 18 միլիոն 327 հազար դրամ (շուրջ 45 հազար դոլար):

Rock Aid Armenia/Armenia Grateful to Rock նախագծի շրջանակներում «Մեդիամաքս» լրատվական գործակալության եւ Do Something-ի կողմից կազմակերպված համերգները տեղի են ունեցել մարտի 26-ին եւ 27-ին Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Մեդիամաքս»-ը տեղեկացնում է, որ հավաքագրած ողջ գումարը կփոխանցի տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար նոր շենքի կառուցման հիմնադրամին:

Rock Aid Armenia/Armenia Grateful to Rock նախագծի շրջանակներում 2010 եւ 2011 թվականներին կիրականացվեն մի շարք նոր ակցիաներ` ուղղված Գյումրիի դպրոցի համար միջոցների հավաքագրմանը: