ԵԱՀԿ-ի գործող նախագահը առաջարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնել Աստանայում

ԵԱՀԿ-ում նախագահող Ղազախստանը պատրաստ է այս տարի Աստանայում անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում` որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջոցներից մեկը : Այդ մասին այսօր հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւը:

«Մադրիդյան սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում մենք ամենայն աջակցություն կցուցաբերենք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին եւ պատրաստ ենք անցկացնել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպում Աստանայում 2010 թվականի ընթացքում», - «ԿազՏագ» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Սաուդաբաեւը` ելույթ ունենալով ԱՊՀ-ի արտգործնախարարների խորհրդի Մոսկվայում անցկացվող նիստում:

«Թրենդ» գործակալության վկայությամբ, ԵԱՀԿ-ի գործող նախագահը նշել է նաեւ, որ հակամարտության գոտում իրավիճակին եւ կողմերի դիրքորոշումներին ծանոթացել է փետրվարի 15-17-ը Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ:

«Մենք բոլոր ջանքերը կգործադրենք ձգձգվող հակամարտությունների կարգավորման դրական միտումները հետեւողականորեն առաջ մղելուն նպաստելու համար», - հայտարարել է Սաուդաբաեւը: