Քոչարյանը քննադատում է կառավարության տնտեսական քաղաքականությունը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ ներկայիս տնտեսական քաղաքականությունը՝ մատնանշելով իր ղեկավարած տարիներին ձեռք բերված տնտեսական հաջողությունները: Ընդդիմության ներկայացուցիչ՝ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համաձայն չէ նրա բերած փաստարկներին:
«Այո, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ճգնաժամեր: Դա պետք է գիտակցել եւ նախապատրաստվել դրան լավ տարիներին: Սակայն՝ ոչ թե տնտեսության զարգացումը զսպելով, այլ՝ պահուստների ձեւավորմամբ, պետական պարտքի եւ բյուջեի պակասորդի կրճատմամբ, առեւտրի դիվերսիֆիկացմամբ եւ այլն: Եվ մենք դա արել ենք», - «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում երեքշաբթի օրը ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ շարունակելով. - «1998-2008 թվականներին համախառն ներքին արդյունքի նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցությունը 46 տոկոսից կրճատվել էր մինչեւ 13 տոկոս: Բյուժեի պակասորդը, իմ նախագահության վերջին տարիների տվյալներով, կազմում էր 2 տոկոսից պակաս, միջին տարեկան ինֆլյացիան՝ 2-4 տոկոս՝ տնտեսության 12-14 տոկոս աճի պայմաններում: 2008 թվականի սկզբին միայն Ֆինանսների նախարարության հաշիվների ազատ մնացորդը կազմում էր 100 միլիարդ դրամ՝՝ իդեալական մակրոտնտեսություն, որը խոսում է այն մասին, որ երկիրը ծախսում էր ավելի քիչ, քան վաստակում էր՝ աշխատած միջոցների մի մասը պահելով «սեւ օրվա» համար»:

Քոչարյանի համոզմամբ՝ հենց դա հնարավորություն տվեց նոր իշխանություններին «ծախսել խնայողությունները եւ նոր վարկեր վերցնել հակաճգնաժամային ծրագրերի իրականացման համար»:

Ռոբերտ Քոչարյանը հակադարձում է նաեւ այն պնդումներին, թե տնտեսության կտրուկ անկման պատճառ են դարձել իր ղեկավարման տարիներին շինարարության չափազանց բարձր տեմպերը: Նա նշում է, թե «այսօր էլ երկրում մեծ է բնակարանների, գրասենյակային եւ առեւտրային տարածքների պահանջարկը»:

Ընդգծելով, թե կարելի էր խուսափել շինարարության ոլորտում արձանագրված անկումից՝ Քոչարյանը առաջարկում է հետեւյալ բանաձեւը. - «Անհրաժեշտ է համախմբել ջանքերը բնակարանային պահանջարկի պահպանման համար: Կածում եմ, կառավարությունում արդեն կա այդ ըմբռնումը»:

Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները խոստացան ավելի ուշ անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումներին: Իսկ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե Քոչարյանի ներկայացրած թվերը «իրականությանը չեն համապատասխանում»:

«Քոչարյանն ասում է, որ արտաքին պարտքը 46 տոկոսից իջել է 13 տոկոսի: Արդյո՞ք պարոն Քոչարյանը հասկանում է, որ այդ ընթացքում դրամը արժեվորվել է 595-ից 300-ի: Այսինքն՝ այդ տոկոսի իջեցումը միայն երկու անգամ տեղի է ունեցել դրամի արժեվորման հանցավոր քաղաքականության հետեւանքով», - ասաց Բագրատյանը:

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի ղեկավարության տարիներին կատարված շինարարությանը, ապա նախկին վարչապետի համոզմամբ, Ռոբերտ Քոչարյանը ընդամենը «շահադիտական նպատակներով» խրախուսել է էլիտար շենքերի շինարարությունը, ինչի արդյունքում «մի խումբ մարդիկ հսկայական շահույթներ են ունեցել», իսկ «կառուցված բնակարանների մեծ մասը այդպես էլ չի վաճառվել»: