Տեղի է ունեցել Հայաստանի եւ Սիրիայի նախագահների առանձնազրույցը

Եռօրյա պաշտոնական այցով երկուշաբթի օրը Սիրիա ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

Երկու պետությունների ղեկավարների առանձնազրույցին, ինչպես հաղորդում է նախագահի մամոլ գրասենյակը, հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

«Սերժ Սարգսյանն ու Բաշար ալ-Ասադը անդրադարձել են Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի` Երեւան կատարած այցելության ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքին, կարեւորել գործարար շրջանակների շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել երկու բարեկամ երկրների միջև առևտրատնտեսական գործակցության ծավալը», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Բանակցությունների ավարտից հետո Հայաստանի եւ Սիրիայի ղեկավարները լրատվամիջոցների համար հանդես են եկել հայտարարությամբ, պատասխանել լրագրողների հարցերին: