Իլհամ Ալիեւ. «Առաջարկները հիմնականում համապատասխանում են Ադրբեջանի շահերին»

Ղարաբաղյան բանակցությունների հիմնական մասն ավարտվել է, եւ առաջարկները հիմնականում համապատասխանում են Ադրբեջանի շահերին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` շաբաթ օրը Բաքվում ելույթ ունենալով Նովրուզի տոնի առիթով:

Ալիեւն ասել է, որ երկիրն ամեն տարի ավելացնելու է պաշտպանությանը, բանակի հզորացմանը եւ նոր զինատեսակների ձեռք բերմանը ուղղված ծախսերը. - «Այնպես ենք անելու, որ զինված ուժերը ցանկացած պահի պատրաստ լինեն կատարել գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը»։

Նրա խոսքերով` Ադրբեջանի առջեւ ծառացած ամենաբարդ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է։ Այդ առումով ձեռնարկվել են որոշակի քայլեր, որոնց շնորհիվ, ըստ Ալիեւի, այսօր բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքերն է'լ ավելի հզոր են։

«Մենք առայժմ հույսը կապում ենք բանակցությունների հետ եւ պետք է շարունակենք ջանքեր գործադրել։ Կարելի է ասել, որ բանակցությունների հիմնական մասն ավարտվել է, որոշակի հանգամանքների բացառությամբ` առաջարկությունները հիմնականում համապատասխանում են Ադրբեջանի շահերին, երաշխավորում են տարածքային ամբողջականությունը եւ գրավյալ բոլոր տարածքների վերադարձը Ադրբեջանի հսկողության տակ», - ասել է Իլհամ Ալիեւը` հավաստիացնելով, որ «եթե հակառակ կողմը հանդես բերի կառուցողական մոտեցում եւ ընդունի առաջարկված տարբերակը, ապա հնարավոր կլինի արագացնել խնդրի կարգավորման ընթացքը»։

«Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ տրամադրելու գաղափարն անընդունելի է», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։