Հայաստանի նախագահը կոչ է անում Ադրբեջանին ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում կոչ է արել Ադրբեջանին ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր:
Լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախությանը, Սերժ Սարգսյանը արձագանքել է. - «Ի՞նչ է առաջարկում միջազգային հանրությունը. խնդիրը կարգավորել միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա` ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման: Օգտվելով առիթից՝ ուզում եմ ձեր միջոցով դիմել Ադրբեջանին` կոչ անելով ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր»:

«Դա վստահության մթնոլորտ կառաջացներ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում»,- փաստարկել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով. - «Եվ այդ պայմաններում կսկսեինք կարգավորման շուրջ բանակցությունները»:

«Փետրվարին Լոնդոնում դուք ասել եք, որ Լեռնային Ղարաբաղը երբեք մաս չի կազմել անկախ Ադրբեջանին: Միջազգային հանրությունը, կարծես թե, այլ կարծիք ունի», - ասել է լրագրողը, ինչին Հայաստանի նախագահը պատասխանել է. - «Միջազգային հանրությունը այլ տարբերակ չունի: Լեռնային Ղարաբաղը չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն է Լեռնային Ղարաբաղը մտցրել Ադրբեջանի կազմի մեջ: Ինչո՞ւ միջազգային հանրությունը ողջունեց ԽՍՀՄ-ի փլուզումը ու չհայտարարեց, թե Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը ԽՍՀՄ-ի մասն են, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի դեպքում [միջազգային հանրությունը] պնդում է, թե այն Ադրբեջանի մաս է կազմում: Դա անտրամաբանական է, այդպես չէ՞»:

Պատասխանելով Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը վերաբերող հարցին, Հայաստանի նախագահը ասել է. - «Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ քննարկումները նորություն չեն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական կյանքում: Մի քանի անգամ՝ առնվազն վերջին 10 տարիների ընթացքում, [ԱՄՆ-ի Կոնգրեսի] Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քվեարկության է դրել բանաձեւը: ԱՄՆ-ի նահանգներից 42-ը այդ իրադարձությունները ճանաչել են որպես ցեղասպանություն, ուստի մարտի 4-ի բանաձեւը մեզ համար ոչ անակնկալ էր, ոչ էլ նորություն»: