Քլինթոն - Լավրով հանդիպմանը անդրադարձ է եղել Ղարաբաղյան հարցին

Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները երեկ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել են նաեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն, Հիլարի Քլինթոնն ու Սերգեյ Լավրովը «մտքեր են փոխանակել հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ»։

Այսօր պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումների ավարտին պետքարտուղարը հայտարարել է, թե կողմերը շատ մոտ են միջուկային սպառազինությունների կրճատման շուրջ նոր համաձայնագրի ստորագրմանը: Հստակ ժամկետներ, սակայն, չեն նշվել։

Ռուս-ամերիկյան բարձաստիճան բանակցություններում այսօր քննարկվել է նաեւ Իրանի միջուկային ծրագիրը։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով, Ռուսաստանի նախագահը պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Մոսկվան չի բացառում Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։