Մարտի 18-ի մամուլ

«168 ժամ»-ը «ՀՀԿ-ն գրավում է բոլոր լծակները» վերնագրի ներքո գրում է. - «Որքան շատ են «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ու կուսակցության թիմակիցները փորձում համոզել, որ ՕԵԿ-ական նախարարներին նորերով փոխարինելը շատ սովորական գործընթաց է, որի տակ ենթատեքստ պետք չէ փնտրել, իսկ որոշումն էլ կայացրել են հենց կուսակցության ներսում, այնքան քաղաքական շրջանակներում ավելի են թեժանում խոսակցություններն այն մասին, որ դա պարտադրված փոփոխություն էր` պայմանավորված ներքաղաքական դաշտում սպասվող որոշակի գործընթացներով: Մասնավորապես ավելի հաճախակի են դարձել խոսակցություններն այն մասին, թե բացառված չէ, որ առաջիկայում նախագահ Սերժ Սարգսյանը լուծարի կոալիցիան»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը անդրադարձել է Թուրքիայում ապօրինի ապրող հայերին արտաքսելու՝ վարչապետ Էրդողանի սպառնալիքին: Այդ հայտարարությունը, ըստ հոդվածագրի, Հայաստանի համար, մեղմ ասած՝ լավատեսական է: Թերթում կարդում ենք. - «Նախ՝ Թուրքիայի տարածքում հաստատ Հայաստանի Հանրապետության հարյուր հազար քաղաքացի չկա, այսինքն՝ Էրդողանը մի թեթեւ սուտ է ասում: Երկրորդ՝ հարյուր հազար մարդու երկրից վտարելը միջազգային պրակտիկայում հստակ ձեւակերպում ունի՝ տեղահանություն: Եվ Էրդողանը, սպառնալով բռնի տեղահանության ենթարկել հարյուր հազար հայերի, փաստորեն ընդունում է, որ իր նախապապերը կարող էին ճիշտ այդպես վարվել: Երրորդ, Էրդողանի հայտարարությունը, եթե իրականություն դառնա, Թուրքիայի շահերի տեսանկյունից կատարյալ ախմախություն կլինի, եւ ահա թե ինչու: Ենթադրենք՝ Թուրքիայում իսկապես հարյուր հազար ՀՀ քաղաքացիներ կան: Այդ մարդիկ այնտեղ աշխատում են եւ հարկեր վճարում: Կարտաքսե՞ն նրանց Թուրքիայի տարածքից: Խնդիր չկա, այդ մարդիկ կամ կվերադառնան Հայաստան, կամ կհամալրեն Սփյուռքը: Ուշադրություն դարձրեք՝ երկու դեպքում էլ շահում է հայությունը, եւ երկու դեպքում էլ Թուրքիան ոչ մի օգուտ չի ունենում: Չորրորդ: Եթե Էրդողանին թվում է, թե Հայաստանի իշխանություններին մտահոգում է Թուրքիայում բնակվող հարյուր հազար հայաստանցիների ճակատագիրը, նա չարաչար սխալվում է»:

Նույն թեման է շոշափվում նաեւ «Առավոտ» թերթի խմբագրականում. - «Երբ նրան ասում են՝ «եթե Ղարաբաղը չտաք, մենք Թուրքիայից կարտաքսենք այստեղ առանց պաշտոնական արտոնագրի ապրող բոլոր ՀՀ քաղաքացիներին, այդ սպառնալիքի իմաստը, ճիշտ ասած, լավ չի հասկացվում: Մենք թուրքերին խնդրե՞լ ենք, որ նրանք պահեն անօրինական միգրանտներին: Այդ ի՞նչ մի լավություն են մեզ անում նրանք՝ չհարգելով իրենց իսկ օրենքները: Թուրքիայի կառավարությունը վաղուց արդեն պարտավոր էր այդ մարդկանց արտաքսել: Իսկ մեր այն հայրենակիցները, որոնց այս կամ այն պատճառով դուր չի գալիս կյանքը Հայաստանում, պետք է կամ օրինականացնեն իրենց կարգավիճակը Թուրքիայում, ինչպես նաեւ ցանկացած այլ երկրում, կամ վերադառնան հայրենիք: «Անօրինական են ապրում, արտաքսեք՝ միջազգային նորմերի համաձայն»՝ սա պիտի լինի մեր իշխանությունների պատասխանը Էրդողանի եւ մնացածների շանտաժին»:

ՀՀԿ-ի մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում հերքել է կոալիցիայի ներսում առաջացած խնդիրների առկայությունը՝ ասելով. - «Չէի ասի, թե կոալիցիայի ներսում խնդիրներ կան, կոալիցիոն կուսակցությունների հարաբերությունները սրվել են եւ այլն։ Պարզապես գնահատականներ են հնչել, ասվել է այն, ինչ ասվել է, ի վերջո, կոալիցիան երեք քաղաքական ուժերի միավորում է, յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները, իր տեսակետները այս կամ այն հարցի վերաբերյալ։ Բայց, հավատացնում եմ, չարժե այդ ամենից սենսացիա սարքել եւ հեռահար եզրակացություններ անել կոալիցիայի ներսում իբր գոյություն ունեցող քաղաքական տարաձայնությունների մասին։ Աշխատանքային գործընթաց է, ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով, կոալիցիան համախմբված է հանրապետության նախագահի շուրջ, եւ, համոզված եմ, կոալիցիայի կուսակցությունները այսուհետ եւս շատ արդյունավետ կաշխատեն, որովհետեւ միավորվել են ոչ թե յուրաքանչյուրը վերմակն իր վրա քաշելու, այլ երկրի առջեւ կանգնած խնդրահարույց հարցերը լուծելու նպատակադրումով»։

«Վիրտուալ բանավեճ՝ կա՞, թե՞ չկա ճգնաժամ». այս վերնագրի ներքո «Կապիտալ» թերթի մեկնաբանը գրում է. - «Եթե խնդրին մոտենանք ոչ մեխանիկորեն, ապա ճգնաժամը ծնող խորքային պատճառները դեռ վերացված չեն: Բոլորն էլ հասկանում են, որ ներկա փուլում կառավարությունների ընդլայնողական քաղաքականությունը ժամանակավորապես մեղմացրել է ճգնաժամի դրսեւորումները` նման այն բանի, որ հիվանդին ցավազրկող են տալիս` պառկած տեղից վեր կենալու համար: Բայց ընդլայնողական քայլերի էֆեկտը հավերժ լինել չի կարող, այն ինչ-որ պահի կսպառի իրեն: Սրանով էլ պայմանավորված` արեւմտյան տնտեսագետները նախազգուշացնում են ճգնաժամի երկրորդ ալիքի մասին: Բացի այդ` Հայաստանի տնտեսությունը կառուցվածքային առումով դեռ էապես չի բարելավվել, որպեսզի կարողանանք հաստատակամորեն խոսել դիմադրողականության բարձրացման մասին: Մենք չափազանց խոցելի ենք արտաքին ազդեցությունների առջև` կախված մետաղների գներից, տրանսֆերտների ծավալից, վարկային ներարկումներից, արտաքին շուկաների դիվերսիֆիկացման աստիճանից և այլն: Ուստի, վերաձեւակերպելով բառարանային ճշմարտությունը` կարելի է ասել, որ ճգնաժամի մեջ կլինենք այնքան ժամանակ, քանի դեռ տնտեսությունը չի առողջացել»: