Արթուր Բաղդասարյանը չի մասնակցելու նախագահական ընտրություններին

Արթուր Բաղդասարյանը ասուլիսի ժամանակ: 16-ը մարտի, 2010 թ.

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը երեքշաբթի օրը հայտարարել է, թե «հիմնավոր չեն արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները», քանի որ «դրա համար ո'չ ռեսուրս կա, ո'չ քաղաքական անհրաժեշտություն»: Նա հայտարարեց նաեւ, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին:
«Ընտրությունները տեղի կունենան ժամանակին. 2012 թվականին՝ խորհրդարանական ընտրություններ, 2013 թվականին՝ նախագահական ընտրություններ», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Բաղդասարյանը՝ հավելելով. - «Ես նախագահական ընտրություններին չեմ մասնակցելու: Մեր թիմը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Որովհետեւ մենք կնքել ենք ռազմավարական համագործակցության դաշինք Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ, եւ փորձելու ենք հնարավորինը անել՝ մեր ծրագրերը կյանքի կոչելու համար, եւ միասին գնալ առաջ»:

Արթուր Բաղդասարյանը հայտնեց նաեւ, որ «Օրինաց երկիր» կուսակցությանը կոալիցիոն համաձայնագրով վերապահված նախարարական պաշտոններից երկուսում՝ տրանսպորտի եւ կապի ու արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում երկուշաբթի օրը նշանակված Մանուկ Վարդանյանի եւ Արմեն Երիցյանի թեկնածություններն «իհարկե», համաձայնեցված էին նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Ես դա համարում եմ թիմային աշխատանքի փայլուն դրսեւորում: Մեր թիմի [եւ] Հայաստանի Հանրապետության նախագահի, որովհետեւ «Օրինաց երկիր» կուսակցությունը նախագահական ընտրություններից հետո կազմել է քաղաքական դաշինք: Մենք հավատարիմ ենք մեր հռչակած գաղափարներին, մեր ստորագրած փաստաթղթի ոգուն: Եվ մենք շարունակելու ենք մեր կառուցողական համագործակցությունը», - հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ «թիմային աշխատանքն ու համագործակցությունը արդյո՞ք պահպանվելու է 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Բաղդասարյանը հայտարարեց. - «Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ ի դեմս ինձ, մենք իրականացնում ենք ռազմավարական, քաղաքական համագործակցություն, ստորագրել ենք փաստաթուղթ, եւ մենք հետեւողական ենք լինելու՝ այդ փաստաթղթի դրույթները դարձնելու իրականություն: Թե ինչ ֆորմատներով կմասնակցենք ընտրություններին, դա ցույց կտա ժամանակը»:

Բաղդասարյանը նաեւ փորձեց պարզաբանել, թե ինչպես ստացվեց, որ «Օրինաց երկիր» կուսակցությանը վերապահված նախարարական պորտֆելները առաջադրվեցին, իրենց պնդմամբ՝ 110 հազար անդամ ունեցող կուսակցությանը միայն անցած շաբաթավերջին անդամակցած Արմեն Երիցյանին եւ Մանուկ Վարդանյանին:

Նշելով, որ Մանուկյանին եւ Երիցյանին վաղուց ճանաչում է՝ Բաղդասարյանը ասաց. - «Առաջին անգամ երկուսն էլ որոշել են դառնալ կուսակցության անդամ, 50 տարեկան հասակում»:

Իսկ արդեն նախկին նախարարներ Մհեր Շահգելդյանին եւ Գուրգեն Սարգսյանին հետ կանչելը Արթուր Բաղդասարյանը բացատրեց «Օրինաց երկիր» կուսակցությունում «քաղաքական, կազմակերպչական բարեփոխումների լուրջ գործընթացի» մեկնարկով:

«Բարեփոխումները նշանակում են, որ կուսակցության ամենօրյա խնդիրներով պետք է զբաղվեն այնպիսի մարդիկ, ովքեր ունեն բավարար փոչձառություն եւ անցած ճանապարն ու նվիրում «Օրինաց երկիր» կուսակցության ու նրա գաղափարների նկատմամբ», - հավելեց Արթուր Բաղդասարյանը: