Հայաստանի նախագահը պաշտոնական այց է կատարելու Գերմանիա

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը առաջիկայում պաշտոնական այց է կատարելու Գերմանիա: Այցի նախապատրաստական աշխատանքներին են անդրադարձել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Գերմանիայի փոխվարչապետ, արտգործնախարար Գիդո Վեստերվելեն երեկ Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ:

«Հայաստանը մեծապես կարեւորում է Գերմանիայի` Եվրոպական Միության հիմնադիր եւ առաջատար երկրներից մեկի հետ բազմաբովանդակ համագործակցության հետագա խորացումը եւ ամրապնդումը», - ասել է Նալբանդյանը: Նա նշել է, որ Գերմանիան Հայաստանի տնտեսությունում խոշոր ներդրողներից մեկն է, շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին, Հայաստանում գործում է գերմանական կապիտալով ավելի քան չորս տասնյակ ընկերություն, եւ դրանց թիվը մոտակա տարիներին կարող է կրկնապատկվել:

Նալբանդյանը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում վերջին զարգացումները: Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` «երկուստեք կարեւորվել է հիմնահարցի խաղաղ կարգավորումը 2008 թ. Հելսինկիում եւ 2009 թ. Աթենքում ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհուրդների հայտարարություններին համահունչ, բանակցությունների շարունակումը մադրիդյան առաջարկությունների հիման վրա»:

Քննարկվել է նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Նախարարներն անդրադարձել են Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցությանը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը:

Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել նաեւ կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի, արտաքին գործերի պետքարտուղար Վոլֆ-Ռուտհարթ Բոռնի հետ, այցելել է Բունդեստագ, ուր հանդիպում է ունեցել խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցի եւ հանձնաժողովի անդամների հետ:

Երեկոյան Հայաստանի արտգործնախարարը հյուրընկալվել է Գերմանիայի Արտաքին քաղաքականության խորհրդում, որտեղ հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով, պատասխանել ներկաների հարցերին:

Բեռլինում Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է գերմանական եւ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված ասուլիսին:

Բեռլինից Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով ուղեւորվել է Փարիզ, որտեղ այսօր նախատեսված է հանդիպում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: