Լենմարկերը Թուրքիայի խորհրդարանին կոչ է անում վավերացնել արձանագրությունները

Գորան Լենմարկերը (կենտրոնում) «Ռոուզ Ռոթ» սեմինարում:

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող Գորան Լենմարկերի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը երկու տարբեր գործընթացներ են, եւ դրանք միացնելը սխալ է։ Նա նաեւ կոչ արեց Թուրքիայի խորհրդարանականներին վավերացնել Ցյուրիխում նախաստորագրված արձանագրությունները:
Մյուս կողմից, ըստ նրա, հայ-թուրքական կարգավորումը օգնում է ղարաբաղյան գործընթացին. - «Ես կոչ եմ անում իմ թուրք գործընկերներին` վավերացնել արձանագրությունները, չներկայացնել նախապայմաններ, գործընթացը ավարտին չհասցնելու արդարացումներ չփնտրել», - հինգշաբթի օրը լրագրողներին ասաց Լենմարկերը, ով Երեւանում մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կազմակերպած «Ռոուզ Ռոթ» սեմինարին:

Իսկ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ելույթ ունենալով սեմինարում, վերահաստատեց, որ Հայաստանի խորհրդարանը այսօր էլ պատրաստ է վավերացնել Թուրքիայի հետ ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները, սակայն սպասում է, որ առաջին քայլը պետք է կատարի Թուրքիայի խորհրդարանը:

«Չկա հավիտենական թշնամություն, չկա հավիտենական բարեկամություն, եւ դրա համար մենք այսօր պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ բարեկամական հարաբերություններ», - պարզաբանեց Ազգային ժողովի նախագահը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարությանը՝ Հովիկ Աբրահամյանը բառացիորեն հայտարարեց. - «Հայաստանի նախագահը բազմաթիվ հանդիպումների արդյունքում փորձում է կառուցողական հարաբերություններ, կառուցողական քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ, որպեսզի հակամարտությունը՝ Ղարաբաղ - Ադրբեջան, լուծվի խաղաղ բանակցությունների արդյունքում: Ղարաբաղ - Ադրբեջան պատերազմը ապացուցում է, որ ոչ մի լավ բան չի բերում ոչ մի երկրի, ոչ մի ժողովրդի: Ուղղակի ունենում ենք մարդկային կորուստներ»:

Գորան Լենմարկերի խոսքով, Ղարաբաղյան հակամարտությունը անհրաժեշտ է եւ հնարավոր է լուծել ամենակարճ ժամանակահատվածում:

«Այժմ գոյություն ունի իրական փոխզիջման հնարավորություն։ Կարծում եմ, հիմնական խնդիրն այժմ կողմերի տարաձայնությունները չեն, այլ այն, որ նախագահները կարողանան ստանալ հասարակությունների աջակցությունը։ Ղարաբաղյան հակամարտության լուծումն արդեն իսկ առկա է: Կարծում եմ, ընդհանուր գծերով, ոչ ամբողջությամբ, դուք էլ տեղյակ եք դրանից։ Այնպես որ, համապատասխան կամքի դրսեւորման դեպքում հնարավոր է ամենակարճ ժամկետներում հասնել հակամարտության կարգավորմանը», - ասաց Գորան Լենմարկերը` հավելելով, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին մշտապես հորդորում է ավելի բաց լինել մարդկանց հետ։

Շվեդ դիվանագետի խոսքով, հայկական կողմի համար ընդունելի կլինի այնպիսի լուծումը, որը կերաշխավորի Հայաստանի եւ հայերի անվտանգությունը։

Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ապա, ըստ նրա, պետք է հաշվի առնվի, որ նրանք պարտված կողմ են, իրենց համարում են ագրեսիայի զոհ եւ անարդարության զգացում ունեն։

«Այս իմաստով, շատ կարեւորը է խարսխել գործընթացը Հայաստանում եւ Ադրբեջանում, իսկ լրատվամիջոցներով պետարազմի վերսկսման հնարավորության մասին հաղորդագրությունները կարող են միայն խանգարել դրան», - ասաց Լենմարկերը։

Նա հայտարարեց նաեւ, թե դեմ է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխմանը, դեմ է նաեւ բանակցություններին ղարաբաղյան կողմը ներգրավելուն. - «Բանակցությունները պետք է շարունակվեն ներկայիս ձեւաչափով։ Միշտ էլ կան մարդիկ, ովքեր ցանկանում են նոր տարրեր բերել, բայց ես ասում եմ` ոչ, այնպես արեք, որ պրոցեսը իրականացվի ներկայիս ձեւաչափով, որքան հնարավոր է արագ, այլապես, վախենամ, լուծումը կհետաձգվի»: