Կրկին փոխվել են Չիլիում երկրաշարժի զոհերի մասին պաշտոնական տվյալները

Չիլիի իշխանությունները նոր տվյալներ են հրապարակել փետրվարի 27-ի երկրաշարժի զոհերի մասին: Ըստ այդմ՝ պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 452-ն է:

Ավելի վաղ խոսվում էր 800-ից ավելի զոհերի մասին: Այժմ հաղորդվում է, որ այդ թիվը ներառում էր նաեւ անհետ կորածներին:

Անցած ուրբաթ երկրում եւս երեք ստորգետնյա ցնցում է արձանագրվել: Փետրվարի 27-ի երկրաշարժից ամենաշատը տուժած Կոնսեպսիոն քաղաքում կան նոր ավերածություններ:

Նույն օրը պաշտոնից հեռացվել է Չիլիի օվկիանոսագրական ծառայության պետ Մարիանո Ռոխասը: Նրա գլխավորած գերատեսչությունը, ըստ իշխանությունների, ժամանակին տագնապ չի հնչեցրել երկրաշարժին հետեւած ցունամիի մասին: