Ուկրաինայի խորհրդարանը անվստահություն հայտնեց Տիմոշենկոյի կառավարությանը

Ուկրաինայի խորհրդարանը այսօր անվստահություն է հայտնել վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կառավարությանը` պարտադրելով նրան եւ նրա կաբինետին հրաժարական տալ:

Համապատասխան նախագիծը Գերագույն ռադա էին ներկայացրել նախագահ Վիկտոր Յանուկովիչի ղեկավարած Ռեգիոնների կուսակցության պատգամավորները: Փաստաթղթում ասված է, որ կառավարության ներկայիս կազմը պատասխանատվություն է կրում երկրում սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման համար:

Գերագույն ռադայի նախագահ Վոլոդիմիր Լիտվինը երեկ հայտարարել էր Տիմոշենկոյի գլխավորած իշխող կոալիցիայի փլուզման մասին:

Ռեգիոնների կուսակցությունը 30 օր ունի նոր կառավարության ձեւավորման համար:

Տիմոշենկոն այսօր ավելի վաղ հայտարարել է, որ խորհրդարանի` անվստահություն հայտնելու դեպքում ինքը եւ իր կառավարությունը անմիջապես հրաժարական կտան: