Ամերիկյան ավիացիոն եւ ռազմական արդյունաբերության ներկայացուցիչները օրենսդիրներին կոչ են անում չընդունել Հայոց ցեղասպանության օրինագիծը

Միացյալ Նահանգների ավիացիոն եւ ռազմական արդյունաբերության ներկայացուցիչները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին կոչ են արել մերժել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագիծը` զգուշացնելով, թե այն կարող է հարվածել դեպի Թուրքիա ամերիկյան արտահանումներին:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Lockheed Martin, Boeing, Raytheon, United Technologies եւ Northrop Grumman կորպորացիաների ղեկավարները համատեղ նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին` զգուշացնելով, թե բանաձեւի ընդունումը կարող է հանգեցնել «ԱՄՆ - Թուրքիա հարաբերությունների խզմանը» եւ վտանգել աշխատատեղերը Միացյալ Նահանգներում:

Նամակի հեղինակները ընդգծել են, որ անցած տարի Թուրքիա է արտահանվել 7 միլիարդ դոլարի ամերիկյան ավիացիոն եւ ռազմական արտադրանք եւ նույնպիսի արդյունք է ակնկալվում 2010 թվականին:

Նման բովանդակությամբ մի նամակ էլ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարությանը հղել է նախկին փոխպետքարտուղար, Թուրք - ամերիկյան խորհրդի նախագահ Ռիչարդ Արմիթեյջը: