Սերժ Սարգսյան. «Մենք հազար տարի ապրել ենք որպես եղբայրներ եւ կշարունակենք այդպես»

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին դիմավորում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին

Հայաստանի եւ Վրաստանի նախագահները, Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, հավաստիացրել են, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները աննախադեպ ջերմ են։
Հայաստանի նախագահի կայքէջի հաղորդագրության համաձայն, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրավերով երկօրյա մասնավոր այցով հարեւան երկիր մեկնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բաթումում հանդիպել է իր գործընկերոջ հետ։ Երկու երկրների նախագահները քննարկել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունների խորացման եւ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել «Վերին-Լարս» հսկիչ-անցագրային կետի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Հանդիպման ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Միխեիլ Սահակաշվիլին պատասխանել են լրագրողների հարցերին:

Վրաստանի նախագահը ողջունել է հայ գործընկերոջը եւ նշել, որ իր երկիրը միշտ էլ ուրախանում է Հայաստանի հաջողություններով եւ ցավում նրա խնդիրների համար, ինչպես եւ Հայաստանը: «Ես կարծում եմ, այսպիսի անամպ հարաբերությունները, այսպիսի մտերմիկ համագործակցությունը ոչ միայն մեր վաստակն է, թեեւ մեծ է նաեւ մեր դերը, այն, առաջին հերթին, մեր ժողովուրդների վաստակն է»,- ընդգծել է Միխեիլ Սահակաշվիլին եւ հավելել. – «Ամռանն այս քաղաք շատ հայեր են այցելում, մարդիկ նրանց ուրախությամբ են հյուրընկալում: Այստեղ ապրում են նաեւ շատ էթնիկ հայեր, կա հայկական եկեղեցի: Բոլոր էթնիկ խմբերը համերաշխ են ապրում, եւ մենք շատ հպարտ ենք դրա համար ու համարում ենք այն մեր ձեռքբերումը»:

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության համար եւ ասել, որ շատ էր լսել Բաթումի քաղաքի մասին, եւ տեսնելով այն, մեծ տպավորություններ ունի: Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ վերահաստատել է հայ-վրացական հիանալի հարաբերությունները եւ վստահություն հայտնել, որ այդպես կլինի մշտապես. «Մենք հազար տարի ապրել ենք որպես եղբայրներ եւ կշարունակենք այդպես»: