Իրավապահները փորձել են առգրավել Սուքիասյանների փաստաբանի համակարգիչը

Աջից ձախ` Սարիբեկ եւ Խաչատուր Սուքիասյաններ

Երեքշաբթի օրը Էրեբունու ոստիկանության քննչական բաժնի քննիչի կողմից փորձ է եղել առգրավել Փաստաբանների պալատի փոխնախագահ, Սուքիասյանների շահերի պաշտպան Արա Զոհրաբյանի համակարգիչը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Զոհրաբյանը:
«[«Սիլ» կոնցեռնի համասեփականատեր] Սարիբեկ Սուքիասյանի հետ կապված քրեական գործով էին ցանկանում առգրավել` այն պատճառաբանությամբ, որ այդ համակարգչով է տպվել [Ազգային ժողովի գործարար պատգամավոր] Ռուբեն Հայրապետյանին ուղղված մի նամակ, որը ստորագրել էր [Սարիբեկ Սուքիասյանի դեմ հարուցված գործով անցնող] Գոռ Դավթյանը», - հայտնեց փաստաբանը` հավելելով. - «Ավելին ասեմ` այդ նամակը ես ինքս տրամադրել եմ քննիչներին նախկինում եւ տեղեկացրել եմ, որ դա տպվել է իմ մոտ, եւ ես կարծում եմ, որ համակարգիչը, որի մեջ կա բազմաթիվ տեղեկատվություն, չէր կարող որեւիցե կերպ հետաքրքրել այդ քննիչին. դրա մեջ, բնականաբար, նաեւ իմ այլ հաճախորդների հետ կապված տեղեկատվություն կա, եւ, իհարկե, ընդդիմացա»:

«Որքանով հասկացա, իրենք մտահոգվեցին` ուժ կիրառել եւ հարկադրաբար վերցնել համակարգիչը, որովհետեւ կարծես թե իրենք էլ կասկածեցին իրենց արածի օրինականության վրա. ես նրանց ցույց տվեցի միջազգային պայմանագիր, մեր «Փաստաբանության մասին» օրենքի համապատասխան նորմը, որոնք ուղղակի արգելում են փաստաբանի գաղտնի ինֆորմացիայի մեջ քիթը խոթել»:

Այժմ համակարգիչը Արա Զոհրաբյանի մոտ է, սակայն որոշումը, որը փաստաբանը անօրինական է որակում, դեռ կա:

Զոհրաբյանը ասում է, որ հետամուտ է լինելու, դիմել է դատախազություն, իսկ եթե որոշումը չվերացվի՝ դիմելու է նաեւ դատական ատյաններ:

«Ես բողոքարկել եմ քննիչի որոշումը վերադաս դատախազին, խնդրել եմ դա վերացնել, եւ դրանից հետո եթե դատախազը իմ այդ բողոքը չբավարարի, բնականաբար, շարունակելու եմ` կգնամ դատական արդեն ճանապարհով, եթե դատական ատյաններում հաջողության չհասնեմ` Սահմանադրական դատարան, եթե պետք է` Եվրոպական դատարան: Այսինքն, այս հարցը ես ցանկանում եմ մեկընդմիշտ լուծվի, որ փաստաբանական գաղտնիքը մեր երկրում պաշտպանվի», - հայտարարեց Արա Զոհրաբյանը:

Սուքիասյանների շահերի պաշտպանի համակարգիչը առգրավելու փորձի կապակցությամբ Փաստաբանների պալատը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է իրավապահ մարմինների բոլոր այն գործողությունները, որոնք «ուղղված են փաստաբանի գործունեության միջամտությանը, այդ թվում` նաեւ փաստաբանական գաղտնիք պարունակող տվյալների առգրավմանը»:

Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը կատարվածը հետեւյալ կերպ բնորոշեց. - «Ինչպես կուզեմ, այնպես էլ կվարեմ. այսօր ես եմ քննիչը։ Քարն էլ է իմ ձեռքում, պոպոքն էլ։ Ինձ ոչ ոք պատասխանատվության մինչեւ հիմա չի ենթարկել։ Կա անպատժելիության մթնոլորտ, ուրեմն շարունակեմ վարվել նույն կերպ»։

Սարիբեկ Սուքիասյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավելեց, որ այս գործով քրեադատավարական բազմաթիվ խախտումներ են իրականացվում։ Նաեւ խուզարկության ընթացքում է փաստաբանական գաղտնիքին միջամտություն եղել։ «Միեւնույնն է, դրանից հետո նրանք շարունակեցին իրենց քայլը, եւ ավելի հեռուն գնացին ու առգրավման որոշում կայացրեցին։ Կա նպատակ, եւ այդ վերջնական նպատակին հասնելու համար օրենսդրությունը նրանց համար որեւէ նշանակություն չունի», - հայտարարեց փաստաբանը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ Արա Զոհրաբյանի վկայակոչած որոշումից տեղյակ չեն։