Խորհրդարանը քննարկում է հայ-թուրքական արձանագրությունների դադարեցմանն առնչվող օրինագիծը

Ազգային ժողովը երեքշաբթի օրը առաջին ընթերցմամբ քննարկեց միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագիծը, որով սահմանվում է մինչեւ ուժի մեջ մտնելը ստորագրված պայմանագրերի դադարեցման ընթացակարգը, եւ որը ուղղակիորեն առնչվում է հայ-թուրքական արձանագրությունների դադարեցման հնարավորությանը։
Նախագիծը ներկայացնող Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը խուսափելով եւ դժվարությամբ, այդուամենայնիվ, հաստատեց, որ Հայաստանի միջազգային պայմանագրերի մասին օրենքում իրենց նախաձեռնած փոփոխությունները կատարվել են` անսալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ եթե Թուրքիան ողջամիտ ժամկետում չվավերացնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները, համապատասխան գերատեսչություններին հանձնարարություն կտրվի, որպեսզի միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություն կատարելու միջոցով Հայաստանը ետ վերցնի իր ստորագրությունները։

«Եթե այդպիսի անհրաժեշտություն լինի, սա էլ միջազգային պայմանագիր է, ուրեմն համապատասխան քայլեր կձեռնարկվեն», - այս առթիվ ասաց Նալբանդյանը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը մատնանշեց, որ Հայաստանը արդեն վավերացրել է Վիեննայի կոնվենցիան, որի 18-րդ հոդվածում նույն ընթացակարգն ամրագրված է եւ նշեց, որ ակնկալում էր՝ «շատ ավելի համալիր եւ մեծածավալ փոփոխություններ այս նախագծում»։

Ազգային ժողովի նախկին նախագահ, այժմ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը կարծիք հայտնեց, որ օրենքի նման փոփոխության անհրաժեշտությունն այսօր չկար, եւ խորհրդարանը այսօր էլ ցանկացած միջազգային փաստաթղթի վավերացումը կասեցնելու հնարավորություն ունի:

«Վստահ եմ, որ մեր օրենսդրությունը որեւէ ձեւով չի սահմանափակում հանրապետության նախագահի լիազորությունները, նաեւ որեւէ պայմանագրի գործընթացը դադարեցնելու հետ կապված», - ընդգծեց Թորոսյանը։ - «Ես ավելի քան համոզված եմ, որ այս նախագծի կարիքը բացարձակապես չկար»։