Պատվո Լեգեոնի շքանշան` Ադրբեջանի առաջին տիկնոջը

Մեհրիբան Ալիեւա

Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հրամանագրով շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության ամենահեղինակավոր պարգեւը` Պատվո Լեգեոնի շքանշանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին այս մասին հայտնել է Սարկոզին շնորհավորական նամակով:
Ֆրանսիայի նախագահը իր նամակում, մասնավորապես, ընդգծել է, թե Ալիեւան Պատվո Լեգեոնի սպայական աստիճանով պարգեւատրվել է «Ֆրանսիային մատուցած նշանակալի ծառայության եւ Ֆրանսիայի նկատմամբ դրսեւորած հավատարմության համար»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Պատվո Լեգեոնի շքանշանի է արժանացել 2007 թվականի հունվարին:

Մեհրիբան Ալիեւան նախագահում է սկեսրայրի՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամը, որը 40 հազար եվրո է տրամադրել Ստրասբուրգի տաճարի գունավոր ապակեպատ պատուհանների վերանորոգման եւ Վերսալյան պալատում վերակառուցողական աշխատանքների համար: Ադրբեջանի կառավարությունը նաեւ վերջերս 1 միլիոն եվրո է նվիրաբերել Լուվրի թանգարանին:

Պատվո Լեգեոնի շքանշանը, որը շնորհվում է հայտնի հասարակական, քաղաքական, գիտության, մշակույթի գործիչներին եւ բարձրաստիճան զինվորականներին, հիմնադրվել է 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից: Այն Ֆրանսիային մատուցած ծառայության համար տրվող բարձրագույն պարգեւն է, շնորհվում է` անկախ ստացողի ազգությունից եւ սոցիալական կարգավիճակից: Շքանշանը ունի 5 աստիճան՝ ասպետական, սպայական, հրամանատարական, բարձր սպայական եւ Մեծ Խաչի ասպետական աստիճան:

«Պատվո Լեգեոնի շքանշանին արժանացած Ֆրանսիայի քաղաքացիների անունները հրապարակվում են, մինչդեռ շքանշանին արժանացած օտարեկրացիների անունները գաղտնի են պահվում այնքան ժամանակ, քանի դեռ լուրը չի հրապարակում ինքը՝ ստացողը», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել է ֆրանսիական La Croix օրաթերթի թղթակից Ալան Գվիլեմոլը: Նրա փոխանցմամբ` շքանշանի արժանացած արտասահմանցիների շարքում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Պանամայի առաջնորդ Մանուել Նորիեգան:

Մեհրիբան Ալիեւան ՅՈւՆԵՍԿՕ-ի կամքի դեսպան է, նախորդ տարի արժանացել է նաեւ Ադրբեջանի բարձրագույն պետական պարգեւին՝ «Հեյդար Ալիեւ» շքանշանին: