«Հայաստանում լրագրողների նկատմամբ շարունակվում են թշնամանքն ու բռնությունները»

Լրագրողների պաշտպանության կոմիտեի լոգոն

Լրագրողների պաշտպանության կոմիտեն հրապարակել է «Հարձակումներ մամուլի վրա 2009. Հայաստան» զեկույցը, որի համաձայն, 2008-ի ընտրություններից հետո հանրությունը մնում է բեւեռացված, իշխանությունները զսպում են հրատապ հարցերի շուրջ բաց քննարկումները, լրագրողների նկատմամբ շարունակվում են թշնամանքն ու բռնությունները։
Նյու Յորքում տեղակայված «Լրագրողների պաշտպանության կոմիտե» ոչ կառավարական կազմակերպությունը երեքշաբթի օրը հրապարակել է «Հարձակումներ մամուլի վրա 2009. Հայաստան» զեկույցը, որի համաձայն, 2008 թվականի վիճահարույց ընտրություններից հետո հանրությունը մնում է բեւեռացված, իշխանությունները զսպում են այդ, ինչպես նաեւ տնտեսական ճգնաժամի եւ հրատապ այլ հարցերի շուրջ բաց քննարկումները, լրագրողների նկատմամբ շարունակվում են անհանդուրժողականությունը, թշնամանքն ու բռնությունները։

«Իշխանությունները շարունակում են վերահսկել հեռարձակվող մամուլի մեծ մասը, իսկ մասնավոր հեռուստա- եւ ռադիոկայանները պատկանում են իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող քաղաքական գործիչներին եւ գործարարներին։ 2002 թվականից ի վեր եթերից զրկված է «Ա1+»-ը», - ասված է զեկույցում:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն անդրառնում է անցած տարվա ընթացքում լրագրողների վրա հարձակումներին. մասնավորապես, հիշատակվում են Գագիկ Շամշյանի, Արգիշտի Կիվիրյանի, Նվեր Մնացականյանի, Գոհար Վեզիրյանի եւ Նելլի Գրիգորյանի հետ կապված միջադեպերը։

Ըստ զեկույցի, «Ժամանակ Երեւան» պարբերականի խմբագիր Արման Բաբաջանյանին բանտից ազատ են արձակել միայն այն բանից հետո, երբ բժիշկները նրա գլխուղեղում ուռուցք են հայտնաբերել։

«Իրավապաշտպան տարբեր կառույցներ` Freedom House-ը, Human Rights Watch-ը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Լրագրողների պաշտպանության կոմիտեն ամեն տարի իրենց զեկույցներում քննադատում են Հայաստանի իշխանություններին, արդյո՞ք դա որեւէ ազդեցություն է գործում», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն պատասխանեց, որ սովորաբար միջազգային ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականները քիչ են հետաքրքրում Հայաստանի իշխանություններին, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ազդում են միջպետական խոշոր միջազգային կառույցների գնահատականների վրա, ինչպիսին են Եվրոպայի խորհուրդը կամ ԵԱՀԿ-ն։

«Բայց նույնիսկ այն դեպքերում, երբ ազդում են, մեր իշխանություններն ավելի շատ փորձում են ոչ թե փոխել իրավիճակը եւ պայմաններ ստեղծել լրատվամիջոցների ու լրագրողների համար, այլ ազդել բուն կառույցների գնահատականների վրա»,- նշեց Բորիս Նավասարդյանը եւ ավելացրեց.- «Մեր իշխանությունները արդեն ձեւերը գտել են, թե ինչպես կարելի է ազդել, ասենք, Եվրոպայի խորհրդի խորհդարանական վեհաժողովի բանաձեւերի վրա»։

Ընթացիկ տարում լրագրողների իրավունքների պաշտպանության հարցում հնարավոր զարգացումների մասին Երեւանի մամուլի ակումբի նախագահն ասաց, որ դա հիմնականում կախված կլինի այն բանից, թե ինչքանով լրագրողական համայնքը կկարողանա հետեւողականորեն պաշտպանել իր իրավունքները, «ինչը միշտ չէ, որ ստացվում է»։

«Ամենակարեւորը ակտիվությունն է երկրի ներսում եւ արդյունավետ համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Երբ ներսի գնահատականները եւ միջազգային խոշոր կառույցների գնահատականները համընկնում են, հնարավոր է լինում բարելավել զարգացումների ընթացքը», - ընդգծեց Բորիս Նավասարդյանը։