Ամենայն Հայոց կաթողիկոսը մասնակցեց Երուսաղեմի Հայոց պատրիարքի գահակալության 20-ամյակին նվիրված միջոցառմանը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ

Երկօրյա այցով Իսրայելում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը երկուշաբթի երեկոյան մասնակցեց Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի գահակալության 20-ամյակի առիթով պատրիարքարանում կազմակերպված միջոցառմանը:
Վեհափառը Թորգոմ արքեպիսկոպոսին հանձնեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը, որը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհվել է 91-ամյա Պատրիարքին:

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի միջեկեղեցական ու արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ Արիս արքեպիսկոպոս Շրվանյանը, ով, մասնավորապես, ասաց. - «Ես չեմ կարծում, որ պատմության մեջ նախընթաց ունի այս պարգեւատրումը Երուսաղեմի պատրիարքի, որովհետեւ հայ ժողովուրդը իր պետականությունը կորցրել էր Կիլիկյան թագավորության անկմամբ` 1375 թվականին, եւ ահա դրանից ի վեր առաջին անգամն է, որ մեր հայկական նորանկախ պետության նախագահը այս շնորհն է անում` պատվելով Երուսաղեմի մեր սիրելի եւ ամենապատիվ Պատիրարքին»:

«Մենք ուրախությունն ենք ունեցել Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մեծ վաստակը գնահատելու` նրա կուրծքը զարդարելով մեր եկեղեցու բարձրագույն շքանշանով` Գրիգոր Լուսավորչի պատվո պարգեւով: Այսօր մեզ համար մեծ ուրախություն է` զարդարելու սիրեցյալ մեր սրբազան Պատրիարքի կուրծքը Հայաստանի Հանրապետության բարձր պարգեւով», - ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Պատրիարքարանի դահլիճը լեփ-լեցուն էր: Ներկա էին հոգեւորականներ ու դիվանագետներ, Իսրայելի մեծ եւ փոքր հայաշատ կենտրոններից ժամանած պատվիրակներ: Հյուրերի թվում էին Երուսաղեմի Հունաց ու Լատինաց պատրիարքները, Հայաստանում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպանը, այլոք: