Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքէջը հարձակման է ենթարկվել


Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» շաբաթաթերթի ինտերնետային կայքէջը ուրբաթ օրը վաղ առավոտյան հարձակման է ենթարկվել թուրք հաքերների կողմից։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց «Ակոսի» պատասխանատու խմբագիր Արիս Նալջը՝ հավելելով, որ հարձակման է ենթարկվել նաեւ Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամի կայքը:

Հաքերները, կոտրելով շաբաթաթերթի կայքէջը, այնտեղ տեղադրել են «Ակոս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի նկարը, որն ուղեկցող գրության մեջ, մասնավորապես, թերթից պահանջում են «դադարեցնել ընդդիմադիր բովանդակությամբ հոդվածներ տպագրելը» եւ սպառնում, որ «հակառակ դեպքում՝ նոր Օգյուն Սամասթներ եւ նոր Հրանտ Դինքեր կլինեն»:

«Ակոսի» պատասխանատու խմբագիր Արիս Նալջը այս հարձակումը բնորոշում է որպես թուրք ազգայնամոլների հերթական քայլը, որն անպայման պետք է պատժվի:

«Մենք մինչեւ այսօր բոլոր այսպիսի դեպքերը դատարան ենք ուղարկել, եւ երկու հոգի, ովքեր ավելի առաջ մեզ էլ-փոստով նամակ էին ուղարկել, արդեն պատժված են՝ մեկը 3 միլիոն տուգանքով, մյուսը 3 տարի բանտարկվելով։ Մենք պետք է ջանանք, որպեսզի պատժվեն այսպիսի մարդիկ», - ասաց Արիս Նալջը։

Կայքում այս պահին էլ տեղադրված է Օգյուն Սամասթի նկարը՝ սպառնալիքներ պարունակող թուրքերեն գրությամբ։ «Ակոսի» խմբագրությունը այս կերպ լրատվամիջոցներին հնարավորություն է տալիս զանգվածային արձագանք տալ հարձակմանը:

«Կայքը այս պահին էլ դժվարությամբ է բացվում՝ հասարակական մեծ պահանջարկ ունենալու պատճառով: «Ակոսը» շարունակում է իր բնականոն աշխատանքը, կայքը իր նախկին տեսքը կստանա այսօր երեկոյան»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արիս Նալջը: