Վանկուվերում ձմեռային Օլիմպիական խաղերին Հայաստանից 4 մարզիկ է մասնակցում

Կանադայի Վանկուվեր քաղաքում ուրբաթ օրը կազդարարվի 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը։ Հայաստանից 4 մարզիկ է մասնակցում խաղերին։ Սպորտի եւ երիտասարդության նախարարի մամուլի խոսնակ Յուրա Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը մատնանշեց, որ «ձմեռային մարզաձեւերում հայաստանցի մարզիկներն անգամ խորհրդային տարիներին չեն հասել հաջողությունների»։
Ծրագրում ընդգրկված են 15 մարզաձեւեր, որոնցում, ընդհանուր առմամբ, մեդալների 86 կոմպլեկտներ կխաղարկվեն։ Մարզիկների ամենամեծ պատվիրակություններով Օլիմպիադային կմասնակցեն հյուրընկալող երկիրը՝ Կանադան, եւ նրա աշխարհագրական հարեւանը` Միացյալ Նահանգները։ Մարզիկների թվով երրորդը Ռուսաստանի Դաշնության թիմն է։

Հայաստանը 2010-ի ձմեռային Օլիմպիադայում կներկայացնեն 2 դահուկավազորդներ եւ 2 լեռնադահուկորդներ։ Հայաստանյան թիմի առաջին ելույթը սպասվում է փետրվարի 15-ին. Աշոցքից Սերգեյ Միքայելյանը պետք է 15 կմ մրցատարածություն հաղթահարի։

«Այդ մարզաձեւը մեզանում հարուստ ավանդույթներ չունի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սպորտի եւ երիտասարդության նախարարի մամուլի խոսնակ Յուրա Ալեքսանյանը։ - «Պետականորեն Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային օլիմպիական կոմիտեի անդամին, եթե նա հաղթում է, շնորհում է 30 հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամ, երկրորդ տեղին՝ 20 հազար, երրորդին՝ 10 հազար։ Ավաղ, կոնկրետ ես հույս չունեմ որեւէ մեդալի։ Հայաստանի մասնակիցներից որեւէ մեկը եթե առաջին 20-ի մեջ մտնի, դա կոնկրետ ինձ համար մեծ բավականություն կլինի», - հավելեց նա։

Ձմեռային Օլիմպիադայում հայաստանցի մարզիկների մինչեւ հիմա ցուցաբերած լավագույն արդյունքը գրանցել է ծաղկաձորցի լեռնադահուկորդ Արսեն Հարությունյանը, ով 1994 թվականին 31-րդն է հատել վերջնագիծը։

21-րդ ձմեռային օլիմպիական խաղերը Կանադական Վանկուվերում կանցկացվեն մինչեւ մարտի 1-ը։