ԵՄ-ի համաժողովում քննարկվելու է Հունաստանի ֆինանսական ճգնաժամը

Եվրամիության անդամ երկրների առաջնորդները այսօր Բրյուսելում քննարկելու են Հունաստանում շարունակվող ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու եւ երկրին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:

Բյուջեի դեֆիցիտը հաղթահարելու եւ երկրի պարտքերի ծավալը կրճատելու նպատակով Հունաստանի կառավարությունը ներկայացրել էր բյուջեի ծախսերի կրճատմանն ուղղված միջոցառումների իր ծրագիրը, որը դժգոհությունների առիթ էր դարձել։ Երեկվանից Հունաստանում մեկնարկել է 24 ժամ տեւողությամբ գործադուլ. փակվել են դպրոցները, օդանավակայանում կասեցվել են թռիչքները, հիվանդանոցները սահմանափակել են մատուցվող ծառայությունները միայն շտապ բուժօգնության տրամադրմամբ։

Հունաստանի խնդիրները կարող են արժեզրկել եվրոն եւ վնասել եվրոզոնայի այլ երկրների տնտեսությանը։ Մտահոգիչ են հատկապես Պորտուգալիայի եւ Իսպանիայի տնտեսական ցուցանիշները, որոնք եվրոյի արժեզրկման դեպքում կարող են լուրջ անկում արձանագրել։