Փետրվարի 5-ի մամուլ

«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. - «ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովը պահանջել է մեր իշխանություններից մինչեւ մարտի 17-ը ներկայացնել ժամանակացույց։ Դրանում պետք է արտացոլված լինի այն միջոցառումների ցանկը, որոնք բխում են «մարտի 1-ի» խորհրդարանական հանձնաժողովի առաջարկներից։ Իշխանություններն էլ դրան դրականորեն արձագանքեցին՝ «ժամանակացույցն ի՞նչ է, որ չներկայացնենք»։ Թուղթը, ինչպես հայտնի է, չի կարմրում. այստեղ կարելի է գրել, օրինակ՝ «6 ամսից կբարեփոխենք ընտրական օրենսգիրքը, 8 ամսից՝ ոստիկանության մասին օրենքը, իսկ 10 ամսից կբարելավենք ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակը»։ Հավանաբար, վերջին կետի կատարմանն է նպաստելու գազի գնի բարձրացումը»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը քննության է առել պատերազմի վերսկսման հավանականության մասին վերջերս հնչող պնդումները: Արձանագրելով, որ պատերազմին պետք է պատրաստ լինի ոչ միայն բանակը, այլեւ հասարակությունը՝ թերթի հոդվածագիրը հակադարձում է հանրապետական Սամվել Նիկոյանին. - «Նիկոյանը Կարսի օրինակն է բերում՝ ապացուցելու համար, որ նման ծանր իրավիճակներում մեզ ներքին համերաշխություն եւ միասնություն է պետք, բայց անմիջապես էլ ծնվում է երկրորդ հարցը՝ իսկ ո՞վ է մեղավոր, որ այսօրվա Հայաստանում նման համերաշխություն չկա: Հարցն ավելի կոնկրետ ձեւակերպենք՝ բա եթե այդքանը հասկանում եք, ինչո՞ւ եք բանտերը լցրել քաղբանտարկյալներով, ինչո՞ւ եք կիսատ մնացած պատերազմի հերոսներին կալանքի տակ պահում, մտքներովդ չի՞ անցնում, որ պատերազմի վերսկսման դեպքում հասարակության մեջ առանձնապես մեծ էնտուզիազմ չի լինելու, որովհետեւ մարդկանց աչքի առաջ ոչ թե հաստավիզ գեներալների պատկերներն են լինելու, այլ բանտերում խոշտանգվող ազատամարտիկների: Թե՞ իշխանություններն այդ ձեւով են լուծում ներքին համերաշխություն խնդիրը»:

«Հայոց Աշխարհ» թերթը հարց է ուղղում ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին. - «Դաշնակցությունը համագործակցության դաշտ ունի՞ «Ժառանգության» հետ։ Համաձա՞յն եք շրջանառվող գնահատականին, որ այս կուսակցությունը լեւոնական կոնգրեսի պատվերն է կատարում»։ Հովհաննիսյանը պատասխանում է. - «Դաշնակցությունը երբեք նման գնահատական չի տվել ու հիմա էլ չի կարող համաձայնել որոշ շրջանակների կարծիքին, թե «Ժառանգությունը» Կոնգրեսի կամ որեւէ այլ քաղաքական պատվեր է կատարում։ Սակայն կան որոշ քաղաքական գործիչներ, որոնք ներկայանում են «Ժառանգություն» կուսակցությունից, բայց այլ դրսեւորումներ են ունենում։ Այս երեւույթը այլ կուսակցություններում էլ կա։ Տեսեք, թե ինչ է կատարվում Հնչակյան կուսակցությունում։ Քաղաքական համագործակցություն սկսելու համար կուսակցություններն ընտրում են մեկ օրակարգ եւ համատեղ աշխատում են։ Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը» համագործակցության օրակարգ են ընտրել Հայաստան-Թուրքիա բանակցությունների խնդիրը։ Միաժամանակ մենք ունենք որոշակի տարաձայնություններ նույնիսկ այս օրակարգի շրջանակում»։

«Առավոտ»-ի խմբագիրն անդրադառնում է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողների պահանջներին եւ այս համատեքստում գնահատում ընտրական օրենսգիրքը բարեփոխելու՝ պաշտոնական Երեւանի խոստումը. - «Առանձնակի հուզիչ է, իհարկե, ընտրական օրենսգիրքը բարեփոխելու խոստումը: Կատարելությունը, ինչպես հայտնի է, սահման չունի, եւ վերջին 18 տարում այդ օրենսգիրքը անընդհատ ու անվերջ կատարելագործվում է, սակայն դրա արդյունքը սպասվածից տրամագծորեն հակառակն է լինում՝ վատ ընտրություններից ավելի վատը, եւ ավելի վատից՝ այլանդակը: Միակ արդար ընտրությունները անց էին կացվել կոմունիստական չափազանց անկատար օրենքով, ինչպես նաեւ անկախության առաջին ամիսներին: Այնուհետեւ սկսվեցին վայրագություններն ու քաղաքացիների ցինիկ ստորացումը: Ամեն մի նման այլանդակությունից հետո իշխանությունները խոստանում էին՝ «մենք կբարելավենք ընտրական օրենսգիրքը»: Եվ իսկապես «բարելավում են», ինչ-որ կետեր են մտցնում, «ընդլայնում են վստահված անձերի իրավունքները» կամ «գործընթացը դարձնում են առավել թափանցիկ», բայց այդ բոլոր բառերը սոսկ օդի ցնցում են, որոնք իրականության հետ որեւէ առնչություն չունեն»:

«Հրապարակ»-ն անդրադառնում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) առաջադրած չափորոշիչներին, որոնց գործադրմամբ նախատեսվում է հայաստանյան եթերը մաքրել էրոտիկայի, սարսափի եւ բռնության տեսարաններից: Թերթը նկատում է. - «Չափորոշիչներում քաղաքական ենթատեքստ ունեցող կետ կա՝ «ներկա իրականության խեղաթյուրված, որ համարժեք ներկայացում»: Եթե մյուսները կարելի է արդարացնել եթերի բոլորին զզվեցրած աղբ-սերիալները, անբարոյական եւ բութ հաղորդումները, հարբեցողների զզվելի «ռոժերը» եթերից դուրս նետելու բարի մտադրությամբ, ապա այս կետն ուղղակի հակաօրինական է, քանի որ գրաքննելու հնարավորություն է տալիս ՀՌԱՀ-ին: «Ներկա իրականությունը», ինչպես հայտնի է, ցուցադրում են լրատվական, վավերագրական, վերլուծական եւ փաստացի հիմք ունեցող այլ հաղորդումները: Բայց դրանք առանց այդ կետի էլ գրաքննած-թողած են, ընդ որում՝ աներեւույթ խմբակային փոխհամաձայնությամբ եւ առանց «իրեղեն ապացույցներ» թողնելու: Մնում է ենթադրել, որ «ներկա իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացում» ասելով՝ Ամալյանը «Հայլուր»-ի ստեղծած դրախտային պատկերը նկատի ունի»:

«Կապիտալ» թերթի մեկնաբանը գրում է. - «Հաշվի առնելով Հայաստանի՝ Ասիական զարգացման բանկի հետ կնքած համաձայնագիրը, ինչպես նաեւ Ռուսաստանից ակնկալվող նոր վարկը՝ ամենայն հավանականությամբ, մեր արտաքին պարտքը առաջիկայում կհատի 3 մլրդ դոլարի սահմանագիծը»: Քննության առնելով այս իրողությունը՝ թերթի մեկնաբանը գնահատում է. - «Սովորաբար, քաղաքական գործիչներն ահազանգում են պետական պարտքի միայն արտաքին հատվածի կապակցությամբ, սակայն հարկ ենք համարում նկատել, որ ներքին պարտքի ոլորտում շատ ավելի վտանգավոր միտումներ կան: Ճիշտ է, ներքին պարտքը մոտ 8 անգամ զիջում է արտաքինին, սակայն այն շատ ավելի թանկ է նստում կառավարության վրա: 2009 թվականի մարտի 3-ից հետո պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունն անշեղորեն աճում է, իսկ դա նշանակում է, որ կառավարությունը ստիպված է լինելու դրանց սպասարկման համար շատ ավելի մեծ ռեսուրսներ առանձնացնել, այնինչ արտաքին վարկերի մեծ մասը տրվում է արտոնյալ պայմաններով»: