Վրաստանը Եվրոպայի խորհրդին կներկայացնի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ ռազմավարությունը

Վրաստանն այսօր Եվրոպայի խորհրդին կներկայացնի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ Վրաստանի իշխանությունների ռազմավարությունը: Այդ առիթով երեկ Ստրասբուրգ է ժամանել Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Թեմուր Յակոբաշվիլին:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը հայտնել է Յակոբաշվիլին, «ռազմավարության նպատակը ոչ թե Աբխազիան եւ Հարավային Օսիան՝ Վրաստանի կազմ վերադարձնելն է, այլ, առավելապես, երկու երկրների հումանիտար խնդիրների լուծումը»:

«Վրաստանը դեմ է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակչության մեկուսացմանը, եւ Վրաստանի քաղաքականությունը ուղղված է անջատողական տարածքների բնակչության հետ հարաբերությունների խթանմանն ու վերականգնմանը», - ասված է փաստաթղթում, որ վերնագրված է «Օկուպացված տարածքների վերաբերյալ պետական ռազմավարություն. ընդգրկում համագործակցության միջոցով»:

Փաստաթուղթը շրջանցում է Վրաստանից անջատված տարածաշրջանների կարգավիճակի հարցը, պատճառաբանելով, թե այդ մասին խոսակցությունը պետք է սկսվի «խաղաղ բանակցությունների ձեւաչափով դեօկուպացիայից» հետո եւ բռնի տեղահանված անձանց համատեքստում:

«Ռուսական բանակի ներկայության պայմաններում կարգավիճակի մասին խոսակցություն վարելը անբարոյական է», - հայտարարել էր Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Թեմուր Յակոբաշվիլին անցյալ տարվա դեկտեմբերին՝ խորհրդարական հանձնաժողովների համատեղ նիստում պետական ռազմավարության նախագիծը ներկայացնելիս:

Փաստաթղթում խոսվում է Վրաստանի ինքնիշխանությունն եւ տարածքային ամբողջականությունը չխախտելու, չճանաչման քաղաքականության իրականացման, Ռուսաստանի կողմից բռնազավթման գործընթացը կանգնեցնելու անհրաժեշտության եւ այդ տարածքները օկուպացումից ամբողջովին ազատելու նպատակների մասին:

Նախագծում ընդգծվում է, որ իր առջեւ դրած բոլոր նպատակներին Վրաստանը պատրաստվում է հասնել բացառապես խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով։

Փաստաթուղթը կներկայացվի նաեւ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին եւ ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ հակամարտության գոտու բնակիչներին:

Վրաստանի կառավարությունը ռազմավարության նախագիծը հաստատել էր հունվարի 27-ին: Առաջիկա 6 ամիսների ընթացքում Վրաստանի իշխանությունները նախատեսում են մշակել նպատակների իրականացմանն ուղղված «գործողությունների ծրագիր»: