Բացվեց Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը

Ուրբաթ օրը Երեւանում՝ Մոսկվայի տանը, բացվեց ճանաչված հայ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը:
«Հիմնականում նոր աշխատանքներ են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց գեղանկարիչը՝ շարունակելով. - «Նախ եւ առաջ ասեմ, որ ցուցահանդեսը ես նվիրում եմ իմ տատիկիս՝ Գայան բաբոյիս հիշատակին: Երեկ էր հուղարկավորությունը: Դժբախտաբար, այդպես եղավ, որ համընկավ»:

2010 թվականից իր ակնկալիքների մասին Աղաբաբյանը ասաց. - «Շատ ուզում եմ, որ վերջապես մշակութային կյանքը իր հունի մեջ ընկնի: Ոչ միայն ինձ համար, այլ բոլորիս համար: Եվ ի վերջո մենք սկսենք մշակույթով ապրել: Տուրք չտանք հաստավիզների քաղաքականությանը...»:

«Հեռուստատեսությունները, չգիտես ինչու, անտեսել են մշակույթը», - շարունակեց նա: - «Շատ ուզում եմ, որ փոխվի դա... Հասարակությունն է մշակույթի կրողը, բայց հասարակությանը տեղ չեն հասցնում: Տեղ հասցնողը լրատվամիջոցներն են, հեռուստատեսությունը՝ հատկապես, որը, կարծես թե, մի կուրս է վերցրել, որ լուրջ մշակույթին անդրադարձներ չի անում: Խոսքը իմ նկարչությանը չի վերաբերում»: