Աշխարհը նշում է Անտոն Չեխովի 150-ամյա հոբելյանը

Անտոն Չեխով

Հունվարի 29-ին աշխարհը նշում է ռուս եւ համաշխարհային գրականության հսկաներից մեկի՝ Անտոն Չեխովի ծննդյան 150-ամյակը: Չեխովի հոբելյանը մեծ շուքով տոնում են Ռուսաստանում. հոբելյանական գլխավոր միջոցառումը միջազգային թատերական համաժողովն է, որին մասնակցելու համար մայրաքաղաք Մոսկվա են ժամանել հյուրեր աշխարհի 36 երկրներից:
Գրող եւ դրամատուրգ, մասնագիտությամբ բժիշկ Անտոն Չեխովը բազմաթիվ պատմվածքների, վիպակների, պիեսների հեղինակ է, նրա «Ճայը», «Քեռի Վանյան», «Երեք քույրերը» եւ «Բալենու այգին» ճանաչվել են համաշխարհային դրամատուրգիայի դասական ստեղծագործություններ:

«Թատրոնն ինձ շատ բան է տվել, ժամանակին ինձ համար չկար ավելի հաճելի բան, քան թատրոնում նստելը», - իր ինքնակենսագրականում խոստովանում է Չեխովը:

Չեխովին որպես դրամատուրգ մեծ ճանաչում ու հեղինակություն բերեց «Ճայը»` 1898 թվականին:

Հայաստանյան թատերական աշխարհում չեխովյան վերջին պրեմիերան անցյալ տարվա հոկտեմբերին էր, Պատանի հանդիսատեսի թատրոնում` Հակոբ Ղազանչյանի բեմադրած «Ես ճայ եմ» ներկայացումը՝ Արմեն Ջիգարխանյանի մոսկովյան դրամատիկական թատրոնի դերասանների մասնակցությամբ:

«Թեեւ չեխովյան որոշ պատմվածքներ ժամանակ առ ժամանակ բարձրանում են հայ թատրոնի բեմ, այնուամենայնիվ, Չեխովը մեր թատրոնների կողմից եթե ոչ անտեսված, ապա չբեմադրվող հեղինակ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց գրող, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը: - «Չեխովը հայ ընթերցողի համար չի եղել ամենաընթերցվող հեղինակներից մեկը ո'չ անցյալում, ո'չ հիմա»:

Միաժամանակ, ինչպես ընդգծեց Կարինե Խոդիկյանը, «հնարավոր չէ, որ իրեն թատրոնի մարդ համարող, հատկապես դրամատուրգը Չեխով չսիրի»: