ԵԽԽՎ-ն մամուլի ազատության խնդիրների վերաբերյալ բանաձեւ է ընդունել

Միկլոշ Հարաշտի

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում չորեքշաբթի օրը ներկայացվել է մամուլի ազատության խնդիրների վերաբերյալ զեկույց, որի համահեղինակներն են բրիտանացի խորհրդարանական Էնդրյու Մաքինթոշը եւ մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ-ի հանձնակատար Միկլոշ Հարաշտին: Զեկույցի քննարկման արդյունքում Վեհաժողովը բանաձեւ է ընդունել` Եվրախորհրդի նախարարների կոմիտեին ուղղված հանձնարարականներով:
Զեկույցում նշված է, որ բռնությունները եւ բռնություն գործադրողների անպատժելիությունը անկախ մամուլի համար մեծ սպառնալիք է մնում ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի անդամ երկրների տարածքում:

«Սպանությունների եւ լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ հարձակումների դեռ շատ գործեր մինչեւ հիմա բացահայտված չեն, չկան դատավճիռներ, եւ այս ամենը մեծացնում է վախի մթնոլորտը, որը լրջորեն սառեցնում է անկախ լրագրությունը», - ասված է զեկույցում:

«Լրագրողների դեմ բռնությունները կազմաքանդում են երկրների ժողովրդավարական հիմքերը», - հայտարարել է Միկլոշ Հարաշտին:

Զեկույցում եւ բանաձեւում Հայաստանին կատարված անդրադարձի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանումներ տվեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության փոխարինող անդամ, Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը` փոխանցելով. - «Բանաձեւում հստակ կա անդրադարձ, որ «Ա1+»-ի վերաբերյալ թեպետ կա դատարանի որոշում, սակայն օրենսդրության փոփոխության պատճառով մինչ օրս այդ [լիցենզավորման] մրցույթները հնարավոր չէ անցկացնել: Կա անդրադարձ, որ հատկապես նախընտրական շրջանում հնարավորություն չկա հավասար օգտվել զանգվածային լրատվամիջոցների մատուցած ծառայություններից: Իսկ զեկույցի մեջ կա հստակ անդրադարձ, թե ովքեր են 2007 թվականից մինչ օրս ենթարկվել բռնությունների, որ լրագրողներն են իրենց մասնագիտական գործունեության ժամանակ ենթարկվել բռնությունների»:

«Ընդհանուր զեկույցը վերաբերում է բոլոր անդամ երկրներին: Բարեբախտաբար, մեր լրագրողները, որոնց ենթարկել են բռնությունների, կյանքից չեն զրկվել. այստեղ այլ պետությունների համեմատ մենք միգուցե ավելի շահեկան վիճակում ենք գտնվում: Բայց, միեւնույն է, ես կարող եմ ասել, որ Հայաստանը այստեղ «պատվավոր» տեղը եւ դերը ունի այդ զեկույցի եւ բանաձեւի նախագծի մեջ», - հավելեց Փոստանջյանը:

Նրա վկայությամբ` բանաձեւում կա նաեւ անդրադարձ Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը եւ այն փաստին, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածը, թեպետեւ փոփոխվել է, սակայն մինչ օրս չի համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10 հոդվածին: