Էլհան Պոլուխով. «Բանակցություններում Ղարաբաղի հայ համայնքի ներգրավման մասին առայժմ խոսք լինել չի կարող»

«Այն, ինչ գրում են հայկական մամուլում, թե Սոչիում Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման հիմնական արդյունքն է լինելու Լեռնային Ղարաբաղի ներգրավումը բանակցություններում որպես կողմ, գրվում է ներքին լսարանին հանգստացնելու համար», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ` նա ասել է, թե բանակցային գործընթացին մասնակցում են միայն հակամարտության կողմերը, որոնք, ըստ Պոլուխովի, Հայաստանը եւ Ադրբեջանն են:

«Անկասկած, Լեռնային Ղարաբաղի հայ համայնքը բանակցությունների ինչ-որ փուլում կներգրավվի գործընթացում, սակայն առայժմ այդ մասին խոսք չկա եւ չի կարող լինել», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը` մանրամասնելով. - «Քանի որ բանակցություններում կիրառվում է «քանի դեռ ամեն ինչ որոշված չէ` որոշված չէ ոչինչ» սկզբունքը, հակամարտության կողմ չհանդիսացող մասնակցի ներգրավումը գործընթացում համարվում է սխալ եւ անթույլատրելի է»: