Գիտնական դառնալ ցանկացողների թիվն աճում է

Վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ համեմատաբար շատ են կին գիտնականները: 2009-ին գիտական աստիճան ստացողների 37 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչներ են եղել: Ամփոփելով Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) 2009-ի տվյալները` այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Արմեն Թռչունյանը:
Անցնող տարում որակավորման հանձնաժողովը հաստատել է 568 գիտնականի աստիճան, կեսից ավելին թեկնածուներ են: Ինչ վերաբերում է գիտական աշխատանքների որակին, ԲՈՀ-ի ղեկավար Արմեն Թռչունյանին հատկապես գոհացրել են տեսական եւ լազերային ֆիզիկայի, իսկ հումանիտար գծից` քրեկան իրավունքի մասին գիտական ուսումնասիրությունները:

Բուհերում գործում են մասնագիտական 62 խորհուրդներ, որոնց մոտ 70 տոկոսը բնական եւ տեխնիկական գիտությունների գծով են: Հենց այս խորհուրդներն են իրականացնում ատենախոսությունների պաշտպանությունը 128 մասնագիտություններով: ԵՊՀ-ի առաջարկով կասեցվել է Ժուռնալիստիկայի խորհուրդը. լրագրությանը որպես գիտություն վերաբերողներն այսուհետեւ իրենց գիտական նյութը գրականագետներին կներկայացնեն: Մասնագիտական խորհուդները 2009-ին որեւէ բացասական որոշում չեն կայացրել. «Սակայն զգալի աշխատանքներ ԲՈՀ-ում չեն հաստատվել փորձագիտական կարծիքների հիման վրա: Բեկանվել են անգամ դոկտորական ատենախոսություններ», - նշեց Թռչունյանը:

Դոկտորական պաշտպանողների միջին տարիքը 54-ն է, պրոֆեսորներինը` 59: 2009-ին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել 74 ամյա մի մարդ: Այդուհանդերձ, ըստ վիճակագրության, ամենաերիտասարդները հենց գիտության թեկնածուներն են` միջին տարիքը 32 տարեկան: Այս տվյալը, Արմեն Թռչունյանի կարծիքով ապացուցում է, որ միայն ասպիրանտները չեն, որ պաշտպանում են եւ որ միանշանակ չի կարելի պնդել, թե գիտության թեկնածուի աստիճանը բանակից խուսափելու միջոց է. «Թեկնածուների ընդհանուր թվի մեջ ասպիրանտները ընդամենը 19 տոկոս են: Մենք շատ լավ կադրեր ունենք, ովքեր ապագա գիտնականներ են»:

Գիտնական դառնալ ցանկացողների թիվը տարեցտարի ավելանում է. ԲՈՀ-ի ղեկավարը կարծում է, որ չափանիշները պետք է խստացվեն. աստիճանաշնորհման կարգի վերամշակման տարբերակը ներկայացվել է Կառավարություն, նոր տարբերակում հստակեցված են չափանիշները:

Արմեն Թռչունյանի տվյալներով` բուհերում դասավանդող հաստիքային դասախոսների կեսից ավելին գիտական աստիճան չունի: Տարեցտարի նվազում է պրոֆեսորների թիվը:

Ստացած գիտական աստիճանից հետագայում ոչ մեկ չի զրկվել եւ չի էլ կարող. նման գործառույթ ԲՈՀ-ը չունի: «Հայաստանում տրված գիտական վկայագրերը դրսում վավեր են», - վստահեցնում է Թռչունյանը: Ավելացել է այն օտարազգիների թիվը, ովքեր ցանկացել են Հայաստանում պաշտպանել, 2009-ին` 22 հոգի, հիմնականում Իրանից եւ Վրաստանից: