«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Հաջորդ շաբաթը կարող է շրջադարձային դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի համար։ Երկուշաբթի օրը Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը կանցնի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ։ Ուրբաթ օրը տված մամուլի ասուլիսում ղարաբաղյան հակամարտությանն է անդրադարձել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ այս շաբաթ կայացած հանդիպումներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները իրենց նվիրվածությունն են հայտնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին ասված է միջնորդների հայտարարությունում:

Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանը բացատրություն կներկայացնի հայ - թուրքական արձանագրությունների առնչությամբ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման առնչությամբ: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Հանուն սիրելի Հայիթիին» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն պատրաստ է, 85-ամյա աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ֆրանսիացի մոտ 3 տասնյակ երաժիշտների հետ այս ստեղծագործությամբ կոչ է անում աշխարհին օգնության ձեռք մեկնել աղետալի երկրաշարժից տուժած հազարավոր մարդկանց:

Մանրամասները` «Մոլորակ» ծրագրում: Թողարկումը պատրաստել են Ազա Բաբայանը, Արմեն Քոլոյանը, Հրաչ Մելքումյանը, Հասմիկ Սմբատյանը, Հրայր Թամրազյանը։